Լինդսի Գրեհեմ. Թրամփը «կանաչ լույս» է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին
Դոնալդ Թրամփը «կանաչ լույս» է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագծին։ Այս մասին հայտնել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը։
Գրեհեմի խոսքով՝ Սենատը կարող է արդեն հաջորդ շաբաթ քվեարկել նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կանգնեցնելու համար։
«Նախագահ Թրամփի հետ այսօր ունեցանք շատ արդյունավետ հանդիպում տարբեր հարցերի շուրջ, որի ընթացքում նա հաստատեց աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկկուսակցական օրինագծին։ Այս նախագծի վրա ես ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Ռիչարդ Բլումենթալի և շատ ուրիշների հետ», — ասել է Գրեհեմը։
Նոր օրինագիծը նախատեսում է նաև երկրորդային պատժամիջոցներ այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք շարունակում են նավթ և գազ գնել Ռուսաստանից։ Նպատակը՝ դադարեցնել ֆինանսական հոսքը նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմական մեքենային։
«Ուկրաինան գնում է զիջումների խաղաղության համար, մինչդեռ Պուտինը շարունակում է միայն խոսել և սպանել անմեղ մարդկանց», — հայտարարել է Գրեհեմը՝ ընդգծելով, որ օրինագիծը «ժամանակին կընդունվի»։