Լևան Ռատիանի. Ութսունն անց պացիենտի առողջական վիճակը կտրուկ բարելավվել է
Վրաստանի առաջին համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին հայտարարում է, որ իրենց կլինիկայում բուժվում է կորոնավիրուսով վարակված 4 պացիենտ: Ռատիանին նշում է, որ նրանց առողջական վիճակը կայուն է:
«Երեկ ունեցել ենք 16 կասկածելի դեպք: Լուգարի լաբորատորիա ուղարկված թեստերի ստացած բոլոր պատասխանները, բարեբախտաբար, բացասական են: Ինչ վերաբերում է 4 պացիենտին, որոնք վարակված են, նրանց վիճակը կայուն է»,- նշել է Լևան Ռատիանին:
Նրա խոսքով, Առաջին համալսարանային կլինիկայում կորոնավիրուսով վարակված անձանց բուժում են Մարսելի համալսարանային կլինիկայի կողմից կիրառված ընթացակարգով:
«Մեր երկիրն այս պահի դրությամբ չունի պետական ընթացակարգ՝ բուժման չափանիշի հետ կապված, ուստի մեր կլինիկան առաջնորդվում է Մարսելի համալսարանային կլինիկայի կողմից կիրառված ընթացակարգով: Այն նկատի ունի միայն երկու դեղամիջոցի ընդունում, որից հետո, ըստ հետազոտության, 95 տոկոս վարակակիրների մոտ գրանցվել է ապաքինում»,- հայտարարել է Լևան Ռատիանին՝ լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, ութսունն անց պացիենտի առողջական վիճակը կտրուկ բարելավվել է:
«Ինչ վերաբերում է ութսունն անց կնոջը, անցկացված բուժումից հետո անցել է 24 ժամ: Նրա վիճակը դրական դինամիկա ունի: Շնչառության անբավարարության աստիճանը նվազել է»,- հայտարարում է Լևան Ռատիանին: