Լևան Մոսեշվիլի. Քութայիսիի միջազգային օդանավակայանից չվերթեր են իրականացվում տասնվեց երկրների 32 ուղղություններով, որոնցից 25-ը եվրոպական ուղղություններ են
Քութայիսիի միջազգային օդանավակայանի զարգացումն սկսվել է 14 տարի առաջ, և ըստ ուղևորահոսքի՝ այսօր այն Վրաստանի երկրորդ ամենամեծ օդանավակայանն է․ այս մասին հայտարարել է Վրաստանի օդանավակայանների միավորման գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին։
Լևան Մոսեշվիլիի խոսքով՝ 14 տարվա ընթացքում Քութայիսիի օդանավակայանում շատ բան է փոխվել՝ ավելացել է ուղևորային նոր տերմինալ, զարգացել է ենթակառուցվածքը և ընդլայնվել են ծառայությունները։ Խոսելով օդանավակայանի հաջողության մասին՝ նա անդրադարձել է նաև ուղևորահոսքի աճի դինամիկային և նշել, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նոր ուղղություններ ավելացնելու ուղղությամբ։
«Երբ 14 տարի առաջ բացվեց Քութայիսիի օդանավակայանը, առաջին տարում ունեինք մոտ 12 800 ուղևոր։ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է մինչև 1 միլիոն 800 հազար ուղևորի։ Այսօր Քութայիսիի միջազգային օդանավակայանից չվերթեր են իրականացվում 16 երկրների 32 ուղղություններով, որոնցից 25-ը եվրոպական ուղղություններ են։ Մենք մշտապես աշխատում ենք նոր շուկաներ յուրացնելու և ուղղություններ ավելացնելու վրա։ Ցանկանում ենք աջակցել մեր ուղևորներին, բնակչությանը և զբոսաշրջիկներին, որպեսզի ուղիղ կապ ունենան Եվրոպայի տարբեր ուղղությունների հետ։ Մեր նպատակն է աշխարհի տարբեր խոշոր երկրներ, քաղաքներ և մայրաքաղաքներ կապել Քութայիսիի միջազգային օդանավակայանի հետ»,- հայտարարել է Վրաստանի օդանավակայանների միավորման գլխավոր տնօրենը։
Լևան Մոսեշվիլին նաև նշել է, որ լրացել է Քութայիսիում օդանավակայանի հիմնական գործընկեր Wizz Air-ի բազայի բացման 10-ամյակը։ Վրաստանի օդանավակայանների միավորման գլխավոր տնօրենը շնորհավորել է հունգարական ավիաընկերությանը և հաջողություն մաղթել։