Ամերիկայի նախորդ վարչակազմը ծանր ժառանգություն է թողել։ Գոյություն ունի փոխըմբռնում, որ անհրաժեշտ է ձեռնարկել հետագա քայլեր, որպեսզի այդ ժառանգությունը հանձնենք պատմությանը և հարաբերությունները վերակառուցենք երկկողմ շահերի հիման վրա. այս մասին հայտարարել է խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին։
Նրա խոսքով՝ հանրությունը վերջին ամիսներին ականատես էր լինում հենց այդ քաղաքական կամքի իրականացմանը։
«Եթե գնահատենք ըստ ոլորտների, ապա քայլեր են ձեռնարկվել անվտանգության, կրթության և տնտեսության ուղղություններով։ Պարբերաբար տեղի է ունեցել քաղաքական հաղորդակցություն ամենաբարձր մակարդակով, և հենց դա է աշխատանքային գործընթացը։ Չենք ցանկանում բարձրաձայն խոսել որևէ տիպի սպասումների մասին, քանի որ ուզում ենք հնարավորություն տալ աշխատանքային գործընթացին, աշխատել և համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ։ Տեսնում ենք, որ այս հարաբերությունները հաղորդակցության, այցերի և հեռախոսազանգերի միջոցով առաջ են շարժվում։ Առկա է դրական դինամիկա, և մենք դրական սպասումներ ունենք հետագա քայլերի հետ կապված, որ վաղ թե ուշ կկարողանանք այս հարաբերությունները հասցնել այն կետին, որը պատկերացնում ենք որպես լավագույն տարբերակ։ Նկատի ունեմ ռազմավարական գործընկերության վերականգնումը։ Սպասենք այս գործընթացներին։ Ընթանում է արդյունավետ և արգասաբեր աշխատանքային գործընթաց, և հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանրությանը տեղեկացնել նաև կոնկրետ քայլերի մասին», – հայտարարել է Լևան Մախաշվիլին։