Լենինգրադի մարզի նավահանգստի «Նովատեկ» տերմինալում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել
Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Լենինգրադի մարզում գտնվող նավահանգստում «Նովատեկ» ընկերության տերմինալը այրվում է։
Ինչպես հայտարարել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, հրդեհի պատճառը տարածաշրջանի օդային տարածքում խոցված դրոնների բեկորներն են։ Նրա խոսքով՝ կրակը բռնկվել է «Նովատեկ» ընկերության տերմինալում։ Ընկերությունը զբաղվում է բնական գազի արդյունահանմամբ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը չի տարածվել վառելիքի պահեստարանների վրա։
Միաժամանակ, Կուրսկի ատոմային էլեկտրակայանի վարչակազմի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ ուկրաինական դրոն ևս խոցվել է կայանի մերձակայքում։ Նրանց տեղեկացմամբ՝ վնասվել է տրանսֆորմատորը։ Անօդաչու սարքի անկման վայրում հրդեհ էր բռնկվել, որը արդեն մարվել է։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական դրոնների հարձակման թիրախ է եղել նաև Սամարայի մարզում գտնվող արդյունաբերական օբյեկտ։ Ռուսական թելեգրամյան ալիքների տվյալներով՝ խոսքը վերաբերում է Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանին։
Օգոստոսի 23-ի երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ոչնչացվել է 57 ուկրաինական դրոն։ Նրանց տեղեկացմամբ՝ գիշերվա ընթացքում լրացուցիչ խոցվել է ևս 95 անօդաչու թռչող սարք։
Դրոնների հարձակումների ֆոնին Ռուսաստանի քաղաքներում օդանավակայանների աշխատանքը խափանվել է։ Ավելի քան 60 թռիչք հետաձգվել է Սանկտ Պետերբուրգի Պուլկովոյի օդանավակայանից։