Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաթին:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ Լաշա Խուցիշվիլին և Յուջին Ռուգենաթը քննարկել են Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության հարցերը:
«Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ տնտեսության տարբեր ոլորտներում (էներգետիկա, ճանապարհային ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում և այլն) իրականացվող ծրագրերին: Քննարկվել են տնտեսական աճի և ճիշտ հարկաբյուջետային/դրամավարկային քաղաքականության արդյունքում վերջին տարիներին Վրաստանի գրանցած արդյունքները, ինչպես նաև Բանկի հետ համագործակցության հարցերը՝ կապված պլանավորված խոշոր ենթակառուցվածքային նախագծերի հետ», – նշված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալներ Գիորգի Կակաուրիձեն, Էկատերինե Գունցաձեն, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին, ինչպես նաև նախարարության պետական պարտքի կառավարման և բյուջետային դեպարտամենտների ղեկավարներ Իրակլի Կաճարավան և Նաթիա Գուլուան: