Կրթության նախարարություն. Բոլորիդ կոչ եng անում չոտնահարել աշակերտների իրավունքները, չխոչընդոտել դպրոցների աշխատանքին և դասերի բնականոն ընթացքին
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը արձագանքում է վերջին օրերին սոցիալական ցանցերի և որոշ լրատվամիջոցների միջոցով ընթացող դպրոցականների, ուսուցիչների և ողջ դպրոցական հանրության նկատմամբ իրականացվող հոգեբանական ճնշման արշավին։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նախարարության համար անընդունելի են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ուսումնական հաստատություններում։
«Տեղեկացնում ենք հանրությանը, որ որոշ անձինք ճնշում են գործադրում դպրոցների վրա՝ ոտնձգություն են անում ուսումնական հաստատությունների տարածքի նկատմամբ և դասադուլի կոչ են անում տնօրինությանը, ուսուցիչներին և աշակերտներին, վիճաբանություններ հրահրելով երիտասարդների միջև։ Նման գործողությունը խախտում է անչափահասների հանրակրթություն ստանալու սահմանադրական իրավունքը և հիմք է ստեղծում բռնության միջավայրի համար։
Այսօր հատկապես կարևոր է, որ ուսումնական գործընթացն անխափան ընթանա դպրոցներում՝ ապահովելու աշակերտների կրթության հասանելիությունը և պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի անվտանգությունը, իրավունքներն ու շահերը: Բոլոր աշակերտները մեզ համար հավասարապես կարևոր են։ Կոնկրետ անձանց կողմից կրթական գործընթացը խաթարելու միտումնավոր փորձերը, ինչպես նաև երեխաներին քաղաքական գործընթացներին ներգրավելը անընդունելի են։
Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքը երեխայի լավագույն շահի դիտարկումն է։ Նշված սկզբունքը բոլոր անձանց պարտավորեցնում է պաշտպանել երեխայի բարեկեցությունը, անվտանգությունը, առողջությունը, կրթությունը, զարգացումը, հասարակական, բարոյական և այլ շահերը։ Մեր հանձնառությունն է ապահովել, որ երեխաները կրթություն ստանան անվտանգ, խտրականությունից զերծ միջավայրում, որտեղ նրանք չեն ենթարկվում որևէ տեսակի հոգեբանական ճնշման:
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երեխայի իրավունքներն արդյունավետ պաշտպանելու և նրա լավագույն շահերը հաշվի առնելու համար բոլորիդ կոչ եմ անում՝ չոտնահարել աշակերտների իրավունքները, չխոչընդոտել դպրոցների գործունեությունը և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։