Կրեմլում հայտարարում են, որ Կիրիլ Դմիտրիևի այցը ԱՄՆ չի նշանակում Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսում
Կրեմլում հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի այցը ԱՄՆ չի նշանակում Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսում։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Կիրիլ Դմիտրիևը Ուկրաինայի հարցով բանակցություններ չի վարում և գլխավորում է տնտեսական հարցերով զբաղվող խումբը։
«Նախևառաջ կարող եմ հաստատել այդ այցը. երկրորդ՝ Կիրիլ Դմիտրիևը Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չի վարում, և դա չի նշանակում բանակցությունների վերսկսում։ Կիրիլ Դմիտրիևը գլխավորում է տնտեսական հարցերով զբաղվող խումբը և շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է ոչ թե հրադադար, այլ տևական խաղաղություն։ Ինչպես նշել է Կրեմլի խոսնակը, հնարավոր է, որ այդ խաղաղությունը հաստատվի հենց այսօր, եթե Վլադիմիր Զելենսկին «պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում կայացնի»։
Ավելի վաղ «Reuters»-ը, հղում անելով աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում և հանդիպում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ՝ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի և ամերիկա-ռուսական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։