Կփորձեմ, որ Վրաստանը հիշեք երեք թվերով, դրանք են՝ 1, 28, և 8000. Մամուկա Բախտաձե
Կփորձեմ, որ Վրաստանը հիշեք երեք թվերով, դրանք են՝ 1, 28, և 8000,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Քալիֆոռնիայի «Commonwealth club»-ում հանրային ելույթի ժամանակ և մեկնաբանել Վրաստանի համար անվանված երեք թվերի նշանակությունը:
«Առաջին թիվն է 1: Վրաստանում առաջին անգամ ունենք կին նախագահ – Սալոմե Զուրաբիշվիլին: Նա առաջին կին նախագահն է Վրաստանում և ողջ տարածաշրջանում և ընտրվել է 2018 թվականի նախագահական ընտրություններում՝ վեց տարի ժամկետով: Երկրորդ թիվն է 28-ը: Ուղիղ այսքան տարի առաջ մենք ազատվեցինք Խորհրդային միությունից և բռնեցինք ժողովրդավարական զարգացման սեփական ուղին, որպես անկախ ազգ»,- հայտարարել է վարչապետը:
Երրորդ թիվը, որն ընդգծել է վարչապետը խոսքով ելույթ ունենալիս, դա 8000-ն է, քանի որ, նրա խոսքով, հենց այդքան տարվա պատմություն ունի գինու արտադրությունը Վրաստանում:
«Հնէաբանների հետազոտության արդյունքում, Վրաստանն աշխարհում ճանաչվել է գինեգործության հայրենիք: Վրաստանում գինեգործության ավանդույթը սկսվել է 8 000 տարի առաջ: Վրաստանում 8 000 տարվա ընթացքում տեմպը ցածր էր, սակայն երբ նույն գործը կատարում են այդքան ժամանակ, վերջին հաշվով կատարելագործվում ես»,- հայտարարել է վարչապետը: