Կոսովոյի վարչապետը երկրի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի դեմ կայացված դատավճիռը որակում է որպես «անընդունելի անարդարություն» և հայտարարում, որ կառավարությունը կաջակցի վերաքննիչ բողոքին
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին երկրի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի նկատմամբ ռազմական հանցագործությունների համար կայացված դատավճիռը որակել է որպես «անընդունելի անարդարություն»։
Նա հայտարարել է, որ կառավարությունը կաջակցի Թաչիի՝ վճիռը բողոքարկելու քայլին։
«Այս դատավճիռն ու նման խիստ պատժաչափի սահմանումն անընդունելի անարդարություն են և ծանր ու վնասակար պատիժ։ Թեև դատավճիռը կարող է ձևականորեն հրապարակված լինել Կոսովոյի ժողովրդի անունից, այդ դատարկ քայլը չպետք է նույնացնել ժողովրդի կամքի հետ։ Այս որոշումը պետք է բեկանվի և շտկվի վերաքննիչ դատարանի կողմից, ընդ որում՝ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։
Կոսովոյի Հանրապետության կառավարությունը կշարունակի օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ բողոքարկման գործընթացի ընթացքում մեղադրյալին աջակցելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս անարդարությունը լիովին կվերացվի։ Այս դատավճիռը չի կարող դիտարկվել այն պատմական համատեքստից կտրված, որում ձևավորվել է Կոսովոյի ազատագրման բանակը»,- հայտարարել է Ալբին Կուրտին։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ռազմական հանցագործությունների հետ կապված չորս դրվագով։ Կոսովոյի մասնագիտացված պալատները Հաշիմ Թաչիին մեղավոր են ճանաչել սպանության, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և կամայական կալանավորման մեջ։
Նախագահող դատավոր Չարլզ Սմիթը հայտարարել է, որ Թաչին օգտագործել է իր պաշտոնը, առաջնորդի դիրքը, հեղինակությունն ու կարգավիճակը՝ հանցագործություններ հրահրելու համար, այդ թվում՝ հարձակումներ քաղաքական հակառակորդների և այն քաղաքացիական անձանց վրա, որոնք ընկալվել են որպես համագործակիցներ և դավաճաններ։ Այս որոշումից հետո ցուցարարների մի խումբ հավաքվել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում գտնվող ԵՄ առաքելության շենքի մոտ և փորձել է գրոհել այն։