Կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկները պետք է ունենան Եվրոպա ճանապարհորդելու իրավունք. Եվրահանձնաժողովի հանձնարարականը

14:16, 03.05.2021

Եվրահանձնաժողովի հանձնարարականով, կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկներին պետք է թույլատրվի ճանապարհորդել: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մայիսի 3-ին տարածած հայտարարության մեջ:

Համավարակի սկսվելուց ի վեր, սա առաջին դեպքն է, երբ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրամիության  անդամ երկրներին ընդունել այն քաղաքացիներին, որոնց ճանապարհորդությունը հրատապ անհրաժեշտություն չէ:

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպա մեկնելը պետք է թույլատրվի այն երկրների քաղաքացիներին, որտեղ համավարակաբանական իրավիճակը բարելավվել է, ինչպես նաև նրանց, ովքեր պատվաստվել են Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից արտոնագիր ստացած պատվաստանյութով: Բացի այդ, ճանապարհորդության թույլտվությունները կարող են տարածվել այն անձանց վրա, ովքեր պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված պատվաստանյութով:

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ կորոնավիրուսի նոր շտամների տարածումը կանխելու համար պետք է գործի դրվի մեխանիզմ, որը հնարավորություն կտա Եվրամիության անդամ երկրներին ժամանակին սահմանափակել կոնկրետ երկրներից այցելուների ընդունելությունը:

Եվրահանձնաժողովի առաջարկությունը Եվրախորհուրդը կքննարկի մայիսի 4-5-ը: Այն բանից հետո, ինչ խորհուրդը կհաստատի այս առաջարկությունը, դրա իրականացումը կախված կլինի Եվրամիության անդամ պետություններից:

Նմանատիպ