Կիր Սթարմերի մամուլի խոսնակ. «Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է Միացյալ Թագավորությանը, մեր դիրքորոշումն այս տարածքների վերաբերյալ մնում է անփոփոխ»
Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է Մեծ Բրիտանիային, և մեր դիրքորոշումն այս տարածքների վերաբերյալ մնում է անփոփոխ, – այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մամուլի քարտուղարը:
«Ինքնիշխանությունը պատկանում է Մեծ Բրիտանիային: Ինքնորոշման իրավունքն առանցքային է: Սա եղել է մեր հետևողական դիրքորոշումը և այդպես էլ կմնա», – հայտարարել է Սթարմերի խոսնակը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան նախկինում ևս հստակ արտահայտել է այս դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Հարցին, թե արդյոք Սթարմերը համարում է, որ սա ԱՄՆ-ի փորձն է՝ ճնշում գործադրել իր վրա Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավելու նպատակով, մամուլի քարտուղարը պատասխանել է. «Սթարմերը խոսել է այդ մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես այդ ճնշումն իր վրա չի ազդում, և նա միշտ կգործի՝ ելնելով ազգային շահերից»:
Տեղեկության համար՝ «Ռոյթերս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, Իրանի դեմ պատերազմում Մեծ Բրիտանիայի կողմից աջակցության բացակայության պատճառով ԱՄՆ-ն քննարկում է Ֆոլկլենդյան կղզիների պատկանելության հարցը:
Ի գիտություն՝ Ֆոլկլենդյան կղզիները, որոնք գտնվում են Հարավային Ամերիկայում, 1833 թվականից գտնվում են Բրիտանիայի ինքնիշխանության ներքո: 1982 թվականին կղզիների պատկանելության հարցի շուրջ Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև պատերազմ է տեղի ունեցել, որն ավարտվել է Բրիտանիայի հաղթանակով: 2013 թվականի հանրաքվեի ժամանակ կղզիների բնակչության 99.8%-ը կողմ է քվեարկել Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքի կարգավիճակի պահպանմանը: