Կիր Սթարմեր. ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը փխրուն է, և այն պահպանելու համար միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ են իրական գործողություններ
«ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը փխրուն է, և այն պահպանելու համար միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ են իրական գործողություններ», – այս մասին Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների հետ հանդիպումներից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը:
Ինչպես նշել է Կիր Ստարմերը, հրադադարի պահպանման համար աշխատանք է անհրաժեշտ։
«Կարծում եմ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում տրամադրությունները հիմնականում շոկային են այն փաստի պատճառով, որ նրանց վրա հարձակում է իրականացվել, մինչդեռ նրանք չէին հարձակվում Իրանի վրա: Կա թեթևացման զգացում, որ այժմ հրադադար է: Սակայն, կարծում եմ, ընդհանուր զգացողությունն այն է, որ սա փխրուն է և դրա վրա աշխատել է պետք», – հայտարարել է Ստարմերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ այցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում տեղակայված զինվորական անձնակազմին:
«Սա հնարավորություն էր անկեղծորեն շնորհակալություն հայտնելու մեր անձնակազմին, որն այստեղ է գտնվում», – հայտարարել է Ստարմերը:
Ստարմերը նաև ընդգծել է դաշնակիցների հետ միասին կանգնելու կարևորությունը:
«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք կանգնած լինենք այստեղ մեր բազմամյա դաշնակիցների կողքին, ցույց տանք աջակցություն և վերլուծենք այն աշխատանքը, որը միասին ենք անում: Իսկ նրանց համար կարևոր է այն զգացողությունը, որ մենք ընկերներ ենք, ովքեր հենց այսպիսի ժամանակ են գալիս նրանց մոտ կարևոր քննարկումների համար», – նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Նրա խոսքով՝ գլխավոր նպատակն է, որ հրադադարը դառնա մշտական, և ռազմավարական նշանակություն ունեցող ծովային ուղին՝ Հորմուզի նեղուցը, մնա բաց:
«Անհրաժեշտ է, որ հրադադարը վերածվի մշտական համաձայնության, և Հորմուզի նեղուցը մնա բաց: Դա պահանջում է շատ ավելին, քան պարզապես խոսքեր, դա պահանջում է իրական գործողություններ», – հայտարարել է Ստարմերը: