Կիևի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
Կիևի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել

Ռուսաստանի կողմից Կիևի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Վնասվածքներ է ստացել առնվազն ինը քաղաքացի։ Այս մասին տեղեկություն են տարածում Կիևի մարզի ռազմական վարչակազմը, Կիևի ոստիկանությունն ու դատախազությունը։

Տարածված տվյալներով՝ զոհվել են երկու տղամարդ։ Նրանցից մեկի դին փրկարարները հայտնաբերել են փլատակների տակ, իսկ մյուսը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվածների թվում կան նաև ոստիկանության աշխատակիցներ։

Ավերվել է բազմահարկ բնակելի շենք, մանկապարտեզ և խանութներ։ Վնասվել են ավտոմեքենաներ։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի տվյալներով՝ հոկտեմբերի 25-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ինը բալիստիկ հրթիռ և 62 դրոն։ Ուկրաինայի հակաօդային ուժերը կարողացել են խոցել չորս հրթիռ և 50 դրոն։