Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, այդ թվում՝ հինգ անչափահասների
Ռուսաստանի հարձակման հետևանքով Կիևում զոհերի թիվը հասել է 31-ի, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ընդհանուր առմամբ վիրավորվել է 159 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ Զելենսկու պնդմամբ՝ հուլիս ամսին ռուսները Ուկրաինայի դեմ կիրառել են ավելի քան 5 100 կառավարվող օդային ռումբ, ավելի քան 3 800 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարք և մոտ 260 տարբեր տեսակի հրթիռ, որոնցից 128-ը՝ բալիստիկ։
«Բոլոր որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Այս պահին հայտնի է 31 զոհի մասին, այդ թվում՝ հինգ երեխա։ Ամենափոքր երեխան ընդամենը երկու տարեկան էր։ Վիրավորվել է 159 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ Նրանց բոլորն այս պահին ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Անհրաժեշտ է լրացուցիչ ճնշում և պատժամիջոցներ Մոսկվայի դեմ, քանի որ դրանք արդյունավետ են, որքան էլ որ Կրեմլը դա հերքի։ Թշնամին շարունակում է հարվածել խաղաղ բնակչությանը, և շատ կարևոր է, որ աշխարհը չլռի այդ մասին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են մեր ժողովրդին։ Մենք գնահատում ենք, որ նախագահ Թրամփը, եվրոպական առաջնորդները և մեր մյուս գործընկերները հստակ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում, և դատապարտում են Ռուսաստանին», – նշել է Վլադիմիր Զելենսկին։