Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման համաձայն՝ ուկրաինացիների 61%-ը վստահում է Զելենսկիին, իսկ 32%-ը՝ ոչ
Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման համաձայն՝ ուկրաինացիների 61%-ը վստահում է Զելենսկիին, իսկ 32%-ը՝ ոչ

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վստահում է ուկրաինացիների 61%-ը, նրան չի վստահում 32%-ը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ նոյեմբերի սկզբին անցկացված հարցումը վստահության և անվստահության գրեթե համանման ցուցանիշներ է ցույց տվել։

Նույն հարցման համաձայն՝ ուկրաինացիների երեք քառորդը դեմ է նման «խաղաղության ծրագրին», որը նախատեսում է ուժերի դուրսբերում Դոնբասից, ուկրաինական զինված ուժերի թվաքանակի կրճատում և անվտանգության հատուկ երաշխիքներ չի պարունակում։

Ռուսական խաղաղության ծրագիրը կտրականապես անընդունելի է հարցվածների 75%-ի համար, միայն 17%-ն է պատրաստ համաձայնել խաղաղության ծրագրի ռուսական տարբերակին։

Բացի այդ, սոցիոլոգները նշում են, որ հարցվածների 72%-ը պատրաստ է աջակցել եվրոպական և ուկրաինական խաղաղության ծրագրին, թեև հիմնականում առանց ոգևորության։ Հարցվածների 14%-ը կտրականապես դեմ է այս ծրագրին։

Բացի այդ, ըստ հարցման, ուկրաինացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ Ուկրաինայում ընտրությունները պետք է անցկացվեն միայն խաղաղ համաձայնագրից և պատերազմի ավարտից հետո, միայն 9%-ն է կողմ, որ ընտրություններն անցկացվեն հիմա։ Զինադադարի և անվտանգության երաշխիքների ձեռքբերման դեպքում 25%-ը կողմ է ընտրությունների անցկացմանը։

Հարցման համաձայն՝ ուկրաինացիների 63%-ը պատրաստ է դիմակայել պատերազմին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այնուամենայնիվ, ուկրաինացիների միայն 9%-ն է ակնկալում, որ պատերազմը կավարտվի մինչև 2026 թվականի սկիզբը, իսկ 14%-ը կարծում է, որ պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականի առաջին կեսին։ Ուկրաինացիների 32%-ը կարծում է, որ այն կավարտվի 2027 թվականին կամ ավելի ուշ։

Ինչպես նշվեց, Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցումն անցկացվել է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 13-ը հեռախոսային հարցազրույցների միջոցով, որի ընթացքում հարցվել է Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքում բնակվող 547 հարցված։ Ֆորմալ առումով վիճակագրական սխալը չպետք է գերազանցի 5,6%-ը, թեև սոցիոլոգներն ասում են, որ պատերազմի ժամանակ սխալը կարող է որոշ չափով ավելի մեծ լինել։