Կիևի մարզում ռուսական զինված ուժերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 22-ը
Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարված է հասցրել Կիևի շրջանին։ Հարձակման հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 22 մարդ։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Բրովարի շրջանում, որտեղ զոհվել է ինը մարդ։
Հարձակումը լայնածավալ հրդեհներ է առաջացրել տարբեր պահեստներում։ Հրդեհներ են գրանցվել վեց օբյեկտներում, որոնցից չորսը գտնվում են Բրովարի շրջանում, իսկ երկուսը՝ Բուչի շրջանում։
Բացի այդ, Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային համատեղ հարձակումից հետո Կիևի բոլոր շրջաններում օդի աղտոտվածության բարձր մակարդակ է նկատվում։ Մասնագետների կարծիքով՝ օդի աղտոտվածության պատճառը հարձակման հետևանքով առաջացած լայնածավալ հրդեհներն են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարձակում է սկսել Ուկրաինայի մայրաքաղաքի և Կիևի շրջանի վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թիրախները «Կիևում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխման կենտրոններն էին», որոնք, նրանց պնդմամբ, օգտագործվում էին տարբեր տեսակի զենքի և ռազմական բեռների պահեստավորման և տեղափոխման, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության և բաշխման համար։