Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող ցույցի մասնակիցներին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող ցույցի մասնակիցներին

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին ուկրաինացիների պայքարին աջակցելու, ձեր համերաշխության, ձեր դիրքորոշման համար,- այս խոսքերով դիմել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցներին։

Ինչպես նշել է Կլիչկոն, վրացիները ոչ միայն բարոյապես աջակցում են ուկրաինացիներին, այլ վրացի զինվորները ուկրաինացիների կողքին պայքարում են հանուն ազատության և անկախության։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին ուկրաինացիների պայքարին աջակցելու, ձեր համերաշխության, ձեր դիրքորոշման համար, դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ է ռուսական ագրեսիան, ինչ փորձանք, մահ ու ավերածություն է այն բերում, ինչպես է Ռուսաստանը փորձում գրավել հարևան երկրները։ Վրացիները ոչ միայն բարոյապես են աջակցում ուկրաինացիներին, մենք դա գնահատում ենք։ Ձեր զինվորները մեր կողքին կռվում են Ուկրաինայի ազատության և անկախության համար։ Մենք հարգում ենք Ուկրաինայի համար զոհված 36 խիզախ վրացիների հիշատակը: Ռուս բարբարոսների լայնածավալ ներխուժումից ի վեր բազմաթիվ զինվորներ վիրավորվել են, մի քանիսը գերեվարվել են ռուսների կողմից։ Մենք երախտապարտ ենք ձեր քաջության, ազատության և անկախության ցանկության համար։ Վստահ եմ, որ և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը, որոնց ժողովուրդը ձգտում է դեպի ժողովրդավարական Եվրոպա, հաջողությամբ կհաղթահարեն այդ ճանապարհը, և մեր երկրները կդառնան Եվրամիության անդամ։ Ոչ ոք չի կարող խանգարել մեր ժողովրդին իրականացնել իր քաղաքակիրթ ընտրությունը։ Այսօր մենք պաշտպանում ենք նաև Եվրոպան և նրա արժեքները։ Փառք Ուկրաինային, փառք Վրաստանին, փառք մեր հերոսներին»,- ասել է Վիտալի Կլիչկոն։