Քութայիսիում նշվել է Երրորդ հետևակային բրիգադի հիմնադրման օրը
Վրաստանի պաշտպանության ուժերի Արևմտյան հրամանատարության Երրորդ հետևակային բրիգադի հիմնադրումից անցել է 34 տարի։ Հոբելյանական միջոցառումն անցկացվել է Քութայիսիում՝ բրիգադի տարածքում։ Ստորաբաժանման ղեկավարությանը և անձնակազմին հոբելյանի առթիվ շնորհավորել է, շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել Պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատար, բրիգադի գեներալ Կոբա Գրիգոլիան։ Տեղեկությունը տարածում է Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տոնական արարողության շրջանակներում Երրորդ հետևակային բրիգադում զինվորական երդում են տվել 8 ամիս ժամկետով զորակոչված զինծառայողները։ Արևմտյան հրամանատարության և բրիգադի ղեկավար անձինք նրանց արժանապատիվ ծառայություն են մաղթել Վրաստանի պաշտպանության ուժերում։
Բրիգադի օրվա հետ կապված զինծառայողները պարգևատրվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով։ Կայացել է նաև զինվորական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես։
Միջոցառմանը ներկա են եղել Երրորդ հետևակային բրիգադի զինծառայողների և զորակոչիկների ընտանիքի անդամները։ Երրորդ հետևակային բրիգադը ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 6-ին Ախալցիխե քաղաքում՝ ի սկզբանե որպես 22-րդ մոտոհրաձգային բրիգադ, և հանդիսանում է Վրաստանի պաշտպանության ուժերի ամենահին ստորաբաժանումներից մեկը։
Բրիգադի անձնակազմն ակտիվորեն մասնակցել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտական գործողություններին և միջազգային խաղաղապահ առաքելություններին։