Քութաիսիում բացվել է Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության տեխնոլոգիական հանգույցը

22:50, 24.07.2026

Քութայիսի քաղաքում, Խորհրդարանի նախկին շենքում պաշտոնապես բացվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության առաջին տեխնոլոգիական հաբը։ Բազմաֆունկցիոնալ տարածքն էկոհամակարգում միավորում է կրթությունը, գիտությունը, նորարարությունները, տեխնոլոգիական ձեռներեցությունը և ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքը։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախագիծն իրենից ներկայացնում է Վրաստանի կարևորագույն ներդրումներից մեկը տեխնոլոգիական զարգացման գործում և նպատակ ունի ամրապնդել երկրի դիրքը՝ որպես տարածաշրջանային նորարարական կենտրոն։

Հաբը միավորում է ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիաներ, կրթական և ձեռնարկատիրական տարածքներ, գիտական և տեխնոլոգիական թանգարան, միջազգային կրթական ծրագրեր և ստարտափների զարգացման ենթակառուցվածք։ Դրա նպատակն է տարբեր տարիքի և փորձառության տեր մարդկանց համար հնարավորություն ստեղծել մեկ տարածքում սովորելու, ստեղծելու, փորձարկելու և զարգացնելու տեխնոլոգիական գաղափարները։

Հաբում կգործի Վրաստանում ամենամեծ տեխնոպարկը, որտեղ ողջ տարվա ընթացքում հազարավոր շահառուներ՝ բոլոր տարիքային կատեգորիաներում, հնարավորություն կունենան մասնակցելու այնպիսի նախագծերի, ինչպիսիք են ստարտափ ինկուբատորը, պրե-աքսելերատորը, տեխնոլոգիական շաբաթները, նորարարական ճամբարները, հակաթոնները, աշխատաժողովները, թրեյնինգները և հարյուրավոր տարբեր տեսակի ու ուղղվածության կրթական ու մրցութային միջոցառումներ։

Հաբի հիմնական ուղղություններից մեկն են հանդիսանում ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիաները, որոնք ընդգրկում են ռոբոտատեխնիկայի և ավտոմատացման, անօդաչու թռչող սարքերի (դրոնների), էլեկտրոնիկայի և IoT-ի (իրերի համացանցի), արհեստական բանականության սարքավորումների, FabLab-ի, STEAM-ի, 3D պրոտոտիպավորման և վիրտուալ իրականության ուղղությունները։ Նշված լաբորատորիաները ուղղակի եզակի հնարավորություն են ստեղծում ուսանողների, հետազոտողների, ստարտափների և նորարարների համար՝ գաղափարները վերածելու իրական արտադրանքի, ստուգելու դրանց կենսունակությունը և ստեղծելու մրցունակ տեխնոլոգիական լուծումներ։ Հատկապես ուշագրավ է, որ հաբում տեղակայված է տարածաշրջանում առաջին մետաղական FDM (հալման մեթոդով աշխատող) 3D տպիչը։

Հաբի կարևոր մասն է ինտերակտիվ գիտական և տեխնոլոգիական թանգարանը, որը գիտության և տեխնոլոգիաների հանրայնացման բոլորովին նոր տանտարտ է սահմանում Վրաստանում։ Թանգարանի հայեցակարգը հիմնված է ժամանակակից գիտական կենտրոնների լավագույն միջազգային փորձի վրա և այցելուներին առաջարկում է գիտության ուսումնասիրության հնարավորություն՝ ինտերակտիվ փորձերի և պրակտիկ փորձառության միջոցով։ Առաջին փուլում թանգարանում ներկայացված է 50 ժամանակակից ցուցանմուշ, որոնց մի մասն ընտրվել և պատրաստվել է աշխարհում լավագույններից մեկի՝ Լեհաստանի Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ցուցադրությունը միավորում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, մեխանիկայի, օպտիկայի, էլեկտրամագնիսականության, աստղագիտության, բնական գիտությունների, արհեստական բանականության և ժամանակակից տեխնոլոգիաների թեմատիկան։

Հաբում կտեղակայվի նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը միաժամանակ կապահովի մինչև 1200 աշակերտի ներգրավվածություն։ Կենտրոնը երիտասարդներին առաջարկում է աշխարհում ճանաչված կրթական մոդել, որը միավորում է ծրագրավորումը, ռոբոտատեխնիկան, խաղերի ստեղծումը, անիմացիան, դիզայնը, 3D մոդելավորումը, տեսանյութերի արտադրությունը և այլ թվային կարգապահություններ (դիսցիպլիններ)։

Նախագիծը ներառում է ստարտափների և ձեռներեցության զարգացման տարածքներ, co-working (համատեղ աշխատանքային) գոտիներ, ժամանակակից կոնֆերանսային ենթակառուցվածք, թրեյնինգների և հանդիպումների սրահներ, ինչպես նաև միջազգային IT ընկերությունների համար նախատեսված գրասենյակային տարածքներ։

Հաբի էկոհամակարգն էլ ավելի է ամրապնդում Growth Hub-ը, որը ձեռնարկատերերին և ընկերություններին կառաջարկի մասնագիտական աջակցություն բիզնեսի զարգացման, ֆինանսավորման, շուկայի հետազոտության, միջազգային գործընկերությունների և արտահանման ուղղությամբ։

Բացի այդ, հաբում կտեղակայվի «Սաքպատենտի» (Վրաստանի Ազգային մտավոր սեփականության կենտրոն) մտավոր սեփականության ուսուցման և վերապատրաստման կենտրոնը։

Քութայիսիի տեխնոլոգիական քաղաքն իրենից ներկայացնում է ժամանակակից տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման նոր մոդել, որը մեկ տարածքում միավորում է կրթությունը, գիտությունը, նորարարությունները, տեխնոլոգիական ձեռներեցությունը, միջազգային համագործակցությունը և հանգստի ենթակառուցվածքը։ Ժամանակակից լաբորատորիաները, գիտական և տեխնոլոգիական թանգարանը, կրթական ծրագրերը, ստարտափների զարգացման տարածքները և հասարակական ենթակառուցվածքը ստեղծում են միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական արտադրանքի և նորարարական բիզնեսների։

Նմանատիպ