Քիթ Քելլոգը պնդում է, որ Դոնալդ Թրամփը լիազորել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում, այս մասին տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Քելլոգի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածները նպատակահարմար կլինեն։
Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու հարցը։ Քելլոգը նշել է, որ ուկրաինացիները երբեք չեն խնդրել ամերիկացի զինվորներ ուղարկել, այլ միայն խնդրել են «զենք, դրանք օգտագործելու թույլտվություն»։
Հարցին, թե արդյոք ուկրաինացի զինվորներն ունե՞ն ամերիկյան զենք օգտագործելու թույլտվություն, Քելլոգը պատասխանել է, որ դա կախված է նախագահի որոշումից։ Նա թույլատրել է հեռահար հարվածները։
«Երբեմն նրանք ունեն այդ լիազորությունը, երբեմն՝ ոչ։ Բոլորը պետք է հետևեն նախագահի հրամաններին։ Եթե նախագահը գնում է ձախ, դուք գնում եք ձախ։ Եթե նա ձեզ ասում է գնալ աջ, դուք գնում եք աջ։ Երբ նախագահը մեզ ասում է ինչ-որ բան անել, մենք պարզապես պետք է անենք դա։ Կարծում եմ՝ նրա ասածը կարդալուց և փոխնախագահ Վենսի ու պետքարտուղար Ռուբիոյի ասածները կարդալուց հետո պատասխանը՝ այո օգտագործեք հեռահար ներուժը։ Անվտանգ գոտիներ գոյություն չունեն։ Կարծում եմ՝ սա այն պատճառներից մեկն է, որ անցյալ շաբաթ հաստատվեց՝ նախագահ Զելենսկին նախագահ Թրամփից խնդրեց «Տոմահավկ» հրթիռներ», – ասաց Քիթ Քելլոգը՝ նշելով, որ հրթիռների հնարավոր մատակարարման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, և որ առաջարկը քննարկվում է։
Ըստ գեներալի՝ վերջնական որոշումը կախված է Դոնալդ Թրամփից։