Քիր Սթարմեր - Հակամարտությունը լուսաբանող լրագրողները պետք է կարողանան աշխատել առանց վախի, Իսրայելը պետք է ապահովի, որ լրագրողները կարողանան անվտանգ կերպով կատարել իրենց աշխատանքը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խորը մտահոգություն է հայտնել Ղազայում «Ալ Ջազիրա»-ի լրագրողի սպանության կապակցությամբ։
«Հակամարտությունը լուսաբանող լրագրողները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Լրագրողները պետք է կարողանան աշխատել անկախ՝ առանց վախի։ Իսրայելը պետք է ապահովի, որ լրագրողները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը», – ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։
Բրիտանական կառավարությունը նաև նշել է, որ կենտրոնացած է հրադադարի համաձայնագրի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության ավելացման վրա։
Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ ռմբակոծության ժամանակ զոհվել են հայտնի լրագրող Անաս Ալ-Շարիֆը և նրա չորս գործընկեր օպերատորները։
Իսրայելը հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ լրագրողը ներգրավված է եղել Իսրայելի վրա հրթիռային հարձակումներում։