Քասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից և կտևի մինչև 10 օր։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի խաղաղապահ քանակակազմի աստիճանական դուրսբերումը։ Կոնտինգենտի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է Տոկաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Տոկաևի խոսքով՝ երկրում հեղաշրջման փորձը ձախողվել է, և այժմ Ղազախստանում իրավիճակը կայուն է։
«Ղազախստանի վրա հարձակվելու ծրագիրը ներառում էր տարբեր ասպեկտներ՝ ռազմական, քաղաքական, գաղափարական, ապատեղեկատվական և այլն։ Պրոֆեսիոնալներն աշխատում էին իշխանության զավթմանը նախապատրաստվելու համար»,- իր ելույթում ասել է Տոկաևը։
Նախագահը խոսել է երկրում անվտանգության համակարգում հիմնարար փոփոխությունների անհրաժեշտության մասին եւ ընդգծել Ազգային գվարդիայի հզորացման ու մարտունակության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես է եկել նաև իշխանության պաշտոնյաների վրա հարձակման պատասխանատվությունը խստացնելու նախաձեռնությամբ։ Սահմանային ծառայության աշխատանքի սկզբունքները կվերանայվեն: Նա կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել ծայրահեղականության դեմ պայքարելու համար։
Նախագահը քննադատել է նաև Ազգային անվտանգության հանձնաժողովի աշխատանքը, որը չի նկատել վտանգը, իսկ որոշ քաղաքներում անկարգությունների ժամանակ հանձնաժողովի ներկայացուցիչները լքել են իրենց պաշտոնները։
Քասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր վարչապետ Ալիխան Սմաիլովին հանձնարարել է ներկայացնել կառավարության գործունեության ծրագիրը։