Կայա Կալասը և Մարտա Կոսը համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» Վրաստանի օրենքի վերաբերյալ
Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը լուրջ հետընթաց է երկրի ժողովրդավարության համար, ասվում է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ։
Ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ, Եվրամիությունը պատրաստ է քննարկել Վրաստանի վերադարձը ԵՄ անդամակցության ուղուն, եթե կառավարությունը հավաստի քայլեր ձեռնարկի ժողովրդավարական հետընթացը վերացնելու համար։
«Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը լուրջ հետընթաց է երկրի ժողովրդավարության համար։ Հեռարձակման և դրամաշնորհների վերաբերյալ վերջերս ընդունված օրենքների հետ մեկտեղ, այս օրենքի ընդունումը վրացական իշխանությունների կողմից ևս մեկ ագրեսիվ քայլ է՝ ճնշելու այլախոհությունը, սահմանափակելու ազատությունները և էլ ավելի նեղացնելու ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների տարածքը։ Այս ճնշող միջոցառումները սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հիմքերի շարունակական գոյությանը և նրա քաղաքացիների ապագային ազատ և բաց հասարակությունում։
2024 թվականի հունիս և հոկտեմբեր ամիսների իր որոշումներում Եվրոպական խորհուրդը որոշեց, որ նման գործողությունների ընթացքը վտանգում է Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն։ Անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է։ ԵՄ-ն կրկին կոչ է անում Վրաստանի իշխանություններին ուշադրություն դարձնել իր քաղաքացիների հստակ պահանջներին՝ ժողովրդավարության և եվրոպական ապագայի վերաբերյալ, և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորված լրագրողներին, ակտիվիստներին, ցուցարարներին և քաղաքական առաջնորդներին։ «Եվրամիությունը պատրաստ է քննարկել Վրաստանի վերադարձը ԵՄ անդամակցության ուղուն, եթե կառավարությունը հավաստի քայլեր ձեռնարկի ժողովրդավարական հետընթացը կանխելու համար։ Պատասխանատվությունը կրում է միայն Վրաստանի կառավարությունը», – ասվում է Կայա Կալասի և Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ։