Կայա Կալաս. Եթե Իրանի հետ բանակցությունները վերաբերեն միայն միջուկային հարցին և չքննարկվեն հրթիռային ծրագիրը, խամաճիկային խմբավորումների աջակցությունը և կիբերգործողությունները Եվրոպայում, մենք կստանանք ավելի վտանգավոր Իրան
Կայա Կալաս. Եթե Իրանի հետ բանակցությունները վերաբերեն միայն միջուկային հարցին և չքննարկվեն հրթիռային ծրագիրը, խամաճիկային խմբավորումների աջակցությունը և կիբերգործողությունները Եվրոպայում, մենք կստանանք ավելի վտանգավոր Իրան

Կիպրոսում շարունակվում է Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այսօր նրանց կմիանան Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները և կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Գագաթնաժողովում պաշտոնական որոշումների ընդունում չի նախատեսվում։

Հանդիպման մեկնարկից առաջ լրատվամիջոցների հետ զրուցել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ուշադրություն հրավիրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վրա։

Կալասի հայտարարությամբ՝ Եվրամիությունը մտահոգված է, որ բանակցությունները ներառում են միայն միջուկային հարցը, և չեն քննարկվում հրթիռային ծրագիրը, խամաճիկային խմբավորումների աջակցությունը և Եվրոպայում առկա կիբերգործողությունները։

«Մենք մտահոգված ենք, քանի որ Իրանի հետ ընթացող բանակցությունները վերաբերում են միայն միջուկային հարցին։ Հրթիռային ծրագիրը նույնպես պետք է քննարկվի, ինչպես նաև Իրանի կողմից խամաճիկային խմբավորումների աջակցությունը։ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի առանց որևէ վճարների, մենք պետք է ջանքեր գործադրենք դրա համար։ Հստակ է, որ պետք է տեսնենք նաև սրա մյուս կողմը։ Եթե բանակցությունները միայն միջուկային հարցի շուրջ են, և սեղանի շուրջ չկան միջուկային փորձագետներ, մենք կստանանք մի համաձայնագիր, որն ավելի թույլ կլինի, քան Բարաք Օբամայի միջուկային գործարքը։ Տարածաշրջանի խնդիրները՝ հրթիռային ծրագրերը, խամաճիկային խմբավորումների աջակցությունը, հիբրիդային և կիբերգործողությունները Եվրոպայում, կմնան չկարգավորված։ Արդյունքում մենք կունենանք ավելի վտանգավոր Իրան», – նշել է Կայա Կալասը։

Հիշեցնենք, որ նշված գագաթնաժողովում երեկ Եվրամիությունը պաշտոնապես հաստատեց Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Գագաթնաժողովին ներկա է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։