Կայա Կալաս. Ազատություններին վերաբերող քննադատությունը պետք է ուղղվի այլ ուղղությամբ, գուցե դեպի Ռուսաստան, որտեղ այլախոհությունը, ազատ լրատվամիջոցները, «X»-ը գործնականում արգելված են
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարում է, որ Միությունում ազատությունների քննադատությունը պետք է ուղղվի այլ ուղղությամբ։ Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովի առջև հնչեցրած այս հայտարարությամբ Կալասը արձագանքել է Եվրոպայի հասցեին ԱՄՆ-ում հնչեցված քննադատությանը, այդ թվում՝ Իլոն Մասքի կողմից սոցիալական ցանցում հրապարակված քննադատական գրառումներին։
«Այստեղ ազատությունների հետ կապված քննադատությունը պետք է լինի այլ ուղղությամբ։ Հնարավոր է՝ Ռուսաստանի ուղղությամբ, որտեղ այլախոհությունը, ազատ մամուլը, քաղաքական ընդդիմությունը արգելված են, որտեղ X-ը՝ փաստորեն, արգելված է», – նշել է Կալասը։
ԱՄՆ-ից ԵՄ-ի հասցեին հնչող քննադատական հայտարարությունների վերաբերյալ Կալասը նշում է, որ «թվում է, թե դա ուղղված է սադրանքի համար»։
Կալասն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Եվրոպայի ամենամեծ դաշնակիցը։
«ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը հստակ ուղերձ է ուղարկում, որ մենք պետք է լինենք ավելի ինքնավստահ, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, այո, բայց նաև Չինաստանին և երբեմն մեր դաշնակիցներին, ինչպես՝ Միացյալ Նահանգները։ ԵՄ-ն բաղկացած է 27 երկրից, որոնք կամավոր կերպով ընտրել են համագործակցել միասին, և մենք ունենք ևս մի քանիսը, որոնք ցանկանում են միանալ մեզ։ Դա խոսում է մեր որակի մասին», – ասել է Կալասը։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը սոցիալական հարթակ X-ին տուգանել է 120 միլիոն եվրոյով՝ թվային ծառայությունների ակտը խախտելու համար։