Կայա Կալաս. ԱՄՆ-ն չի կարող Եվրոպայի անունից բանակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման վերաբերյալ, միայն Եվրոպան կարող է այդ որոշումները կայացնել
ԱՄՆ-ն չի կարող Եվրոպայի անունից բանակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման վերաբերյալ, France 24-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա ասել է, որ միայն Եվրոպան կարող է որոշումներ կայացնել պատժամիջոցների վերացման և սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ։
«Ակնհայտ է, որ կան եվրոպական շահեր։ Եթե մտածենք այդ մասին, ապա այս բանակցություններից Ռուսաստանը իրականում ցանկանում է ինչպես պատժամիջոցների վերացումը, այնպես էլ սառեցված ակտիվների ազատումը։ Սրանք եվրոպական որոշումներ են, և ոչ ոք, բացի Եվրոպայից, չի կարող դրանք կայացնել։ Իհարկե, Ռուսաստանը չի ցանկանում խոսել Եվրոպայի հետ, քանի որ նրա համար ավելի հեշտ է խոսել ԱՄՆ-ի հետ։ Սակայն ԱՄՆ-ն չի կարող մեր անունից բանակցել այն հարցերի շուրջ, որոնք մենք պետք է որոշենք։ Դրա համար մենք պետք է լինենք հաստատակամ և միասնական մեր ուղերձում։ Ռուսաստանի հետ խոսելու բազմաթիվ տարբեր ձևաչափեր կան, բայց, իմ կարծիքով, կարևոր է, որ Ռուսաստանի հետ խոսող բոլորը փոխանցեն նույն ուղերձը», – ասել է Կայա Կալասը։