Կայա Կալաս. Ակնհայտ է, որ Ռուսաստանը սրում է իրավիճակը, խաղաղության համար անհրաժեշտ են երկու կողմեր, նա, ով ցանկանում է պատերազմ, Ռուսաստանն է
Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը սրում է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին Կալասը ասել է «BBC ռադիոյի» հետ զրույցում։
Կալասի խոսքով՝ Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա, հատկապես ժողովրդի դեմ, ամենամահաբերն են։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը էսկալացիայի է դիմում։ Խաղաղության համար անհրաժեշտ են երկու կողմեր, բայց պատերազմի ցանկություն կարող է ունենալ միայն մեկ կողմ, և ակնհայտ է, որ պատերազմ ցանկացողը Ռուսաստանն է», – ասել է Կալասը։
Լրագրողը Կալասին հարց է ուղղել երկու օր առաջ նրա արած հայտարարության վերաբերյալ, որտեղ Կալասը նշել էր, որ Չինաստանը Ռուսաստանի վարած պատերազմի գլխավոր հովանավորն է։ ԵՄ բարձր ներկայացուցիչը կրկին ընդգծել է, որ կրկնակի օգտագործման ապրանքների 80%-ը Ռուսաստանում հայտնվում է Չինաստանի միջոցով։
«Ակնհայտ է, որ եթե Չինաստանը պատերազմին դեմ լիներ, ապա այս պատերազմն արագ կավարտվեր։ Առանց Չինաստանի, Ռուսաստանը չէր կարող շարունակել պատերազմը այսպիսի մասշտաբով», – ընդգծել է Կալասը։