Վրաստանի ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի Լագոդեխիի շրջանային վարչության աշխատակիցները ձերբակալել են 2006 թվականին ծնված Ն.Գ.-ին և 2007 թվականին ծնված Ն.Մ.-ին: Նրանք մեղադրվում են խմբակային շորթման, շահադիտական նպատակներով անձնական կյանքի գաղտնիքի ոտնահարման և ինքնասպանության հասցնելու մեջ:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները նախորդ տարվա ամռանը, գումար շորթելու նպատակով, սոցիալական ցանցում տարածել են 1994 թվականին ծնված Գ.Գ.-ի անձնական կյանքն արտացոլող լուսանկարներ և տեսանյութեր: Նշված փաստից կարճ ժամանակ անց Գ.Գ.-ն կյանքն ավարտել է ինքնասպանությամբ:
«Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են Ն.Գ.-ին և Ն.Մ.-ին որպես մեղադրյալների:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 181-րդ, 157-րդ պրիմա և 115-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 9 տարի ժամկետով ազատազրկում», – նշված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ: