Կախա Կալաձեն փոխքաղաքապետին հանձնարարել է 2022 թվականից սկսել նախընտրական ծրագրերի իրականացումը
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին կոնկրետ հանձնարարականներ է տվել 2022 թվականի բյուջեի վերաբերյալ։ Կախա Կալաձեն փոխքաղաքապետին հանձնարարել է բյուջեում հաշվի առնել նախընտրական շրջանում իր թիմի նշած կարևոր նախագծերը։
«Ուզում եմ դիմել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին, որպեսզի Թբիլիսիի 2022 թվականի բյուջեն համապատասխանեցվի քաղաքի շահերին, և հաշվի առնվեն այն բոլոր նախագծերը, որոնց մասին խոսել ենք ընտրություններից առաջ։ Պետք է արդեն սկսել պատրաստվել, որպեսզի հասարակությունը հաջորդ տարվանից տեսնի մեր խոստացած ծրագրերի իրականացման մասշտաբներն ու կոնկրետ ուղիները։ Կարևոր է վթարային շենքերի փոխարինման ծրագիրը, որը մեր նախընտրական խոստումներից էր։ Ցավոք սրտի, մայրաքաղաքում այդպիսի շենքեր ունենք։ Հաջորդ տարվանից մենք պետք է սկսենք շենքերը նորերով փոխարինել, որպեսզի այնտեղ ապրող մարդկանց համար նորմալ կենսապայմաններ ստեղծվեն»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեն խոսեց նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագրի մասին և փոխքաղաքապետին հանձնարարեց շարունակել իրենց աջակցությունը նաև 2022 թվականին։
«Շատ կարևոր է ժամանակին հաստատել բիզնեսի աջակցության ծրագիրը։ Գոյություն ունեցող համավարակի պատճառով խիստ տուժել են փոքր և միջին բիզնեսը։ Ուստի մենք պետք է շարունակենք նրանց աջակցությունը 2022 թվականին։ Բիզնեսի աջակցությունը սկզբունքորեն կարևոր է մեզ համար: Պետք է կարողանան աշխատողներ պահել, քանի որ այս մարդկանց թիկունքում կան կոնկրետ ընտանիքներ»,- ասել է քաղաքապետը։
Միևնույն ժամանակ Կախա Կալաձեն խոսել է նաև անօթևան քաղաքացիների խնդրի մասին և նշել, որ բնակարանաշինության ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին։
«Թբիլիսիում ունենք մոտ 400 այդպիսի ընտանիք, որոնց շնորհվել է անօթևանի կարգավիճակ։ Այս ծրագիրը սկսելու ենք իրականացնել 2022 թվականից և անօթևան թբիլիսցի չենք ունենա։ Համապատասխան բնակարանային ֆոնդը սկսել ենք ստեղծել տարիներ առաջ։ Բոլոր անօթևանները հնարավորինս գոհ կլինեն, և մենք կլուծենք այս խնդիրը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը