Կախա Կալաձե. Վրաստանը չի մոռանում մարդկանց, ովքեր երկրի հաջողության պատմության մեջ իրենց էջն են թողել, Վիլի Սանյոլը հավերժ կմնա մեր ֆուտբոլի պատմության անբաժանելի մասը

17:17, 26.09.2026

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի մարդու, ով վրացական ֆուտբոլ եկավ իր պատմությամբ ու հաջողություններով և Վրաստանի ազգային հավաքականում իր հետքը թողեց,– սոցիալական ցանցում գրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես գրում է Կախա Կալաձեն, 2021 թվականին, երբ Վիլի Սանյոլը եկավ որպես գլխավոր մարզիչ, մեր հավաքականի համար բարդ շրջան էր։

«Թիմը ղեկավարելու հետ մեկտեղ նա ամենամեծ բանն արեց․ մեր տղաներին վերադարձրեց հավատը, պայքարելուունակությունը և առաջացրեց այն զգացողությունը, որ բոլոր երազանքների իրականացումը հնարավոր է։

Անշուշտ, Վիլի Սանյոլի անվան հետ միշտ կապված կլինի այն օրը, երբ Վրաստանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու իրավունքը։ Իսկ հետո եղավ անմոռանալի հաղթանակը Պորտուգալիայի դեմ և պատմական ելքը 1/8 եզրափակիչ։ Այսօր ամբողջ աշխարհը գիտի Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասին, և դրանում Սանյոլի ավանդը նշանակալի է։

Շնորհակալություն Վիլիին այդ անմոռանալի մատչերի համար, երբ համայն երկիրը միասնական բռունցք դարձած երկրպագում էր Վրաստանի հավաքականին։

Վրաստանը չի մոռանում մարդկանց, ովքեր իրենց էջն են թողել մեր երկրի հաջողության պատմության մեջ։

Վիլի Սանյոլն ու նրա մարզչական թիմը հավերժ կմնան մեր քաղաքի, երկրի և ֆուտբոլի պատմության անբաժանելի մասը։ Շնորհակալությո՛ւն»,- գրել է Կախա Կալաձեն։

Հիշեցնենք, որ Վիլի Սանյոլը լքել է Վրաստանի ազգային հավաքականը, իսկ թիմը կգլխավորի Ռամազ Սվանաձեն։

Նմանատիպ