Կախա Կալաձե. «Մոսկվայի մեխանիզմի» շրջանակներում պատրաստված զեկույցը լիակատար զառանցանք է, ավարտվել է դրսից հրահանգների ժամանակը, մենք կգործենք երկրի շահերից ելնելով
Կախա Կալաձե. «Մոսկվայի մեխանիզմի» շրջանակներում պատրաստված զեկույցը լիակատար զառանցանք է, ավարտվել է դրսից հրահանգների ժամանակը, մենք կգործենք երկրի շահերից ելնելով

«Սա լիակատար զառանցանք է: Կարծում եմ՝ բոլորդ լավ հասկանում եք, թե ինչու սկսվեց այս ամենը և ինչ է կանգնած դրա հետևում»,- այսպես է պատասխանում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողի հարցին՝ ԵԱՀԿ «Մոսկովյան մեխանիզմի» շրջանակներում Վրաստանի վերաբերյալ պատրաստված զեկույցի մասին:

Քաղաքապետի հայտարարությամբ՝ թե երկրի ներսում ինչ օրենքներ են ընդունելի, կորոշի Վրաստանի իշխանությունը:

«Սա լիակատար զառանցանք է: Կարծում եմ՝ բոլորդ լավ հասկանում եք, թե ինչու սկսվեց այս ամենը և ինչ կա դրա հետևում. մեզնից պահանջում են չեղարկել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, պահանջում են չեղարկել «Թափանցիկության մասին օրենքը», նաև ամերիկյան FARA-ն և գործել ոչ թե երկրի շահերից ելնելով, այլ իրենց ցանկություններին համապատասխան: Բազմիցս ասել ենք և ևս մեկ անգամ կկրկնեմ՝ Վրաստանի իշխանությունը կանի ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է մեր հայրենիքին և վրաց ժողովրդին: Ավարտվեց այն ժամանակը, երբ դրսից գալիս էին հրահանգներ, առաջադրանքներ, և գլխիկոր որոշումներ էին կայացնում: Մենք կգործենք՝ ելնելով երկրի շահերից: Թե երկրի ներսում ինչ օրենքներ են անհրաժեշտ, դա կորոշի Վրաստանի իշխանությունը, որին ընտրել է մեր երկրի բնակչության մեծամասնությունը, և ոչ թե դրսից ինչ-որ մեկի հրահանգով ու մատ թափ տալով ընդունված որոշումները»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե ում շահերին է ծառայում նշված զեկույցը, քաղաքապետը պատասխանել է.

«Հասկանում ենք, թե ինչ գործընթացներ են ընթանում: Օրինակ՝ Ուկրաինայի դատարանը թույլատրեց նույնասեռականների ամուսնությունը: Ամեն ինչ գիտենք, թե ուր է գնում: Արտաքին դերակատարների ցանկությունն է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, օգտագործվեն իրենց շահերն առաջ տանելու համար: Մենք ոչ մեկ անգամ ենք ասել՝ բացահայտ, հայտարարված, որ թույլ չենք տա այնպիսի որոշումների կայացում, որոնցով կվնասենք մեր երկրի շահը, մեր տնտեսությունը, վրաց ժողովրդին: Վրաստանի իշխանությունը դա չի անի: Միշտ կկատարենք այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են մեր հայրենիքին և վրաց ժողովրդին»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ ողջունելի է, որ մի շարք երկրներ չեն աջակցել նշված փաստաթղթին:

«Մի շարք երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, չեն աջակցել այս որոշմանը, ինչը ողջունելի է: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այն ամենը, ինչ կա այս փաստաթղթում, լիակատար զառանցանք է»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը խոսել է նաև ստեղծված իրավիճակում իշխանության գործողությունների ծրագրի մասին: Ինչպես նա հայտարարել է, կառավարությունը բոլոր որոշումները կկայացնի բացառապես երկրի շահերից ելնելով:

«Մեր գործողությունների ծրագիրը պարզ է. որոշումները, որոնք կայացվում են Վրաստանի իշխանության կողմից՝ լինեն դրանք օրենքների ընդունում, թե նոր օրենսդրական նախաձեռնություններ, ամեն ինչ արվում է՝ ելնելով երկրի շահերից: Դուք տեսնում եք՝ ինչ գործընթացներ են ընթանում աշխարհում, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, ինչպիսի վտանգի առաջ է կանգնած ամբողջ աշխարհը: Համապատասխանաբար, բոլոր երկրները գործում են իրենց շահերից ելնելով: Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկին, մեծ երկրի, մեծ քաղաքական խաղացողների հնարավորություն տանք, որ մեր փոքր, բայց մեծագույն մշակույթ և ավանդույթներ ունեցող երկիրն օգտագործեն իրենց շահերի համար: Մենք անցել ենք դրա միջով, մեր մաշկի վրա ենք զգացել, թե որքան դժբախտություն կարող է բերել պատերազմը. 2008 թվականի ցավերն ու վերքերը դեռ չենք սպիացրել: Հետևաբար, կգործենք միայն երկրի շահերից ելնելով»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

ԵԱՀԿ-ն «Մոսկովյան մեխանիզմի» շրջանակներում հրապարակել է Վրաստանի վերաբերյալ պատրաստված զեկույցը, որում քննարկված են 2024 թվականի գարնանից Վրաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տեսանկյունից զարգացած իրադարձությունները և տրված են հանձնարարականներ: Բացի այդ, ԵԱՀԿ «Մոսկովյան մեխանիզմի» շրջանակներում պատրաստված զեկույցում ասվում է, որ «պետք է չեղարկվեն ընտանեկան արժեքների, թափանցիկության, գործակալների գրանցման օրենքները և օտարերկրյա դրամաշնորհների հետ կապված դրույթները»: