Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Պետք է շատ անկեղծ ասենք, որ բոլոր հակամարտությունների կամ, առնվազն, համաշխարհային անկարգությունների հիմնական աղբյուրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է
Պետք է շատ անկեղծ ասենք, որ բոլոր հակամարտությունների կամ, առնվազն, համաշխարհային անկարգությունների հիմնական աղբյուրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ միջին և փոքր չափի երկրներն ավելի պատասխանատու են գործում, քան մեծ երկրները։
«Պետք է շատ անկեղծ ասենք, որ բոլոր հակամարտությունների կամ, առնվազն, համաշխարհային անկարգությունների հիմնական աղբյուրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Տարածաշրջանային տերությունները կամ միջին չափի երկրները և նույնիսկ փոքր երկրները միջազգային ասպարեզում գործում են ավելի մեծ պատասխանատվությամբ։ Թուրքիան, ինչպես նաև Ղազախստանը և այս լսարանում ներկայացված երկրները, պետք է ապացուցեն, որ մենք շատ պատասխանատու ենք գործում միջազգային խաղաղության և անվտանգության հարցում»,- նշել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահի պնդմամբ՝ ՄԱԿ-ը չի մասնակցում համաշխարհային խնդիրների լուծմանը։
«Բոլոր հիմնական խոսակցությունները տեղի են ունենում ՄԱԿ-ի հարթակներից և այլ հիմնական միջազգային կազմակերպություններից դուրս։ Մարդիկ հավաքվում են որոշակի մայրաքաղաքներում, կոնֆերանս դահլիճներում, բայց ոչ ՄԱԿ-ում։ Մենք չենք տեսնում, որ հակամարտությունների միջնորդությանը մասնակցեն ՄԱԿ-ի բարձրագույն ներկայացուցիչները։ Սա հսկայական խնդիր է։ Սա ՄԱԿ-ի մարգինալացումն է։ Հիմա բոլորն ասում են, թե ով կլինի ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։ Կարծում եմ՝ դա այնքան էլ կարևոր չէ։ Ամենակարևորն այն է՝ արդյոք կգոյատևի ողջ համակարգն այնպիսին, ինչպիսին հիմա է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիմնական միջազգային խնդիրների լուծման խոչընդոտ է։ Այս խնդրին անդրադարձել է նախագահ Թրամփը անցյալ տարվա սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայում, և ես համաձայն եմ նրա հետ։ ՄԱԿ-ում խաղաղության հաստատման ողջ գործընթացը խաթարված է»,- նշել է Ղազախստանի նախագահը։