Կարողացել ենք նույնականացնել Զելիմխան Խանգոշվիլու սպանության մեջ կասկածյալին, մի քանի օրից բոլորը կիմանան նրա անունը - Բացառիկ հարցազրույց քննիչ լրագրող Քրիստո Գրոզևի հետ
Կարողացել ենք նույնականացնել Զելիմխան Խանգոշվիլու սպանության մեջ կասկածյալին, մի քանի օրից բոլորը կիմանան նրա անունը - Բացառիկ հարցազրույց քննիչ լրագրող Քրիստո Գրոզևի հետ

Բեռլինի ոստիկանությունը շարունակում է Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում սպանված Վրաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն Զելիմխան Խանգոշվիլու գործի հետաքննությունը: Գերմանական և միջազգային մամուլը գրում է, որ Խանգոշվիլին, հավանաբար, դարձել է  պատվիրված սպանության զոհ: «Բելինգքաթ» նախագծի, գերմանական «Շպիգել» հրատարակության և ռուսական «Ինսայդեր»-ի կողմից անցկացված համատեղ հետաքննության հեղինակները պնդում են, որ Խանգոշվիլու սպանության հետ կապ ունի Ռուսաստանը:

Այս թեմայի առնչությամբ մենք զրուցել ենք «Բելինգքաթ» նախագծի քննիչ Քրիստո Գրոզևի հետ, որը գլխավորում է Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ կապված գործերի հետաքննությունը:

Եթե հնարավոր է, առավել մանրամասն պատմեք ձեր կողմից անցկացված հետաքննության մասին և ասեք, ո՞րն է գլխավոր ապացույցը, որն առաջացնում է կասկած, որ հնարավոր է այս գործին ներգրավված լինի Ռուսաստանի պետությունը:

Հետաքննության առաջին մասում, որն արդեն հրապարակել ենք, ապացուցված է, որ Խանգոշվիլու սպանությանը մասնակցել է պետություն: Կարևորագույն ապացույցն այն է, որ մենք որևէ տվյալների բազայում չենք գտել այն մարդուն, որը ձերբակալված է և կասկածվում է: Ստուգել ենք այս մարդու անձնագիրը և պարզվեց, որ նա իրոք գործող է և տրված է Ռուսաստանի օրենսդրության պաշտպանությամբ, սակայն մարդը, որի անունով տրվել է այս անձնագիրը, ուղղակի գոյություն չունի: Մեր կարծիքով, նման բան տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ գործին ներգրավված է պետությունը: Որևէ երկրում և այդ թվում, այնպիսի կոռումպացված և կենտրոնացված պետությունում, ինչպիսին է Ռուսաստանը, ոչ ոք չի կարող ստանալ կեղծ փաստաթուղթ և այնուհետև Դաշնային անվտանգության ծառայության կողմից վերահսկվող սահմանն աննկատ անցնել այնպես, որ նրա անձնագրի տվյալները չգրանցվեն ազգային բազայում: Սա առաջացնում է կասկած, որ Խանգոշվիլու սպանությունը կապված է կամ թույլատրված է Ռուսաստանի պետության կողմից: Այս սպանությունն իրոք տեղի չի ունեցել երկու ֆիզիկական անձանց կամ բիզնես-գործընկերների միջև ծագած բախման արդյունքում: Սա սպանություն է, որի լիցենզիան տվել է Ռուսաստանը:

Ձեր կարծիքով, ի՞նչը կարող էր հանդիսանալ սպանության դրդապատճառ:

Խանգոշվիլու անցյալը հաշվի առնելով, նա կարող է լիներ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության թիրախ: Հենց այս ծառայությունն էր ղեկավարում Չեչնիայի պատերազմի մասնակից Ռուսաստանի թշնամիների բացահայտման և մեկուսացման գործողությունները: Խանգոշվիլին պայքարում էր Չեչնիայի կողմից և Ռուսաստանի թշնամին էր: Նախկինում մենք տեսել ենք Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից Մոսկվայի թշնամիների դեմ անցկացված գործողությունները: Բացառված չէ նաև, որ սա լիներ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անձնական հաշվեհարդարը, քանի որ Կադիրովը պատերազմ է հայտարարել իր հոր բոլոր հակառակորդներին և մենք պարզեցինք, որ Վրաստանի քաղաքացին հնարավոր է լիներ նրա թիրախը: Վրեժխնդրության մոտիվը չենք բացառում, սակայն, սա, իհարկե, տեղի է ունեցել պետության համաձայնությամբ և մասնակցությամբ:

Արդյոք չե՞ք ցանկանում փորձել համագործակցել Գերմանիայի անվտանգության ծառայությունների հետ:

Ոչ: Գերմանիայի անվտանգության ծառայությունները դեռևս գերադասում են լռել, քանի որ գործը վերաբերում է քաղաքականությանը: Այս պահի դրությամբ, Խանգոշվիլու սպանությունը տեղի մակարդակով հետաքննում է Բեռլինի ոստիկանությունը: Այն պահից, երբ կբացահայտվի, որ սպանությանը ներգրավված է Ռուսաստանի պետությունը, այս գործը կփոխանցվի կառավարության անվտանգության ազգային ծառայություններին: Վստահ եմ, երբ կհրապարակվի մեր հետաքննության երկրորդ մասը և բոլորը կտեսնեն մարդասպանի իրական դեմքը, այդ պահին սա կդառնա լրտեսություն և պետության կողմից պատվիրված սպանություն: Այդ ժամանակ, Գերմանիայի անվտանգության ծառայությունն առավել լուրջ կվերաբերի դրան: