Կարող եմ ասել, որ Թբիլիսին Եվրոպայում կունենա լավագույն հասարակական տրանսպորտը. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր, մայրաքաղաքի կառավարության նիստին կրկին խոսել է հասարակական տրանսպորտի բարեփոխման մասին և ընդգծել միկրոավտոբուսների փոխարինելու անհրաժեշտությունը: Կալաձեի խոսքով, միկրոավտոբուսների ներկայիս վիճակը չի դիմանում որևէ քննադատության:
«Միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն, քանի որ նրանց ներկայիս վիճակը չի դիմանում որևէ քննադատության: Նրանք շատ ծանր վիճակում են և լուրջ անհարմարություն են ստեղծում ուղևորների համար: Ուղիղ կարելի է ասել, որ արտանետումների առումով մենք ունենք աղետալի իրավիճակ: Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում առկա խնդիրները լուծելու համար: Այս խնդիրը հնարավոր չէ լուծել միայն միկրոավտոբուսների և ընդհանուր առմամբ հասարակական տրանսպորտի թարմացման միջոցով, սակայն կարևոր բաղադրիչ է: Այն ինչ մեր անելիքն է ցանկանում ենք ցույց տալ հասարակությանը, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մայրաքաղաքում էկոլոգիական վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանք են նոր պուրակների բարեկարգումը և հների վերանորոգումը, ինչը մեր երեխաներին հնարավորություն կտա ապրել էկոլոգիապես մաքուր մթնոլորտում»,- ասել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը նախորդ նիստին փոխքաղաքապետին տվել էր երկու շաբաթ ժամանակ, որ վերջինս ներկայացներ կոնկրետ պլան, թե ինչպես կարելի է փոխարինել քաղաքում միկրոավտոբուսները: Կալաձեն այսօր կրկին նշել է, որ ընկերությունը, որը Թբիլիսիին սպասարկում է միկրոավտոբուսներով, պետք է ստիպել թարմացնել մեքենաների պարկը:
«Մենք հանրությանը խոստացել ենք, որ Թբիլիսիում հասարակական տրանսպորտը կլինի կարգավորված և լավագույններից մեկը: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ երբ մենք ավարտենք այս նախագիծը, կունենանք Եվրոպայի լավագույն հասարակական տրանսպորտներից մեկը: Միևնույն ժամանակ, միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն, շարունակվի տաքսիների բարեփոխումը, որը հաջող է ընթանում, կարծում եմ, որ հասարակությունը տեսնում է դա: Բարեփոխումը դեռ չի ավարտվել և կլինեն հաջորդ փուլերը: Նաև կարգավորվել է մետրոն», – հայտարարել է Կախա Կալաձեն: