Կառավարության որոշմամբ՝ կպատրաստվեն օրենսդրական փոփոխություններ մինչև 2010 թվականը տրված դիպլոմների ճանաչման վերաբերյալ
Կառավարության որոշմամբ՝ կպատրաստվեն օրենսդրական փոփոխություններ մինչև 2010 թվականը տրված դիպլոմների ճանաչման վերաբերյալ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ խորհրդարան կներկայացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնց հիման վրա հազարավոր քաղաքացիների համար կլուծվեն մինչև 2010 թվականը տրված դիպլոմների ճանաչման հետ կապված խնդիրները. այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն:

Ինչպես նշել է նախարարը, փոփոխության համաձայն՝ 4-ամյա առկա և 5-ամյա հեռակա ուսուցման ճանաչումը տեղի կունենա հավասարապես։

Նրա խոսքով՝ փոփոխությունը կվերաբերի այն ուսանողներին, ովքեր համալսարան են ընդունվել ճանաչված ռեժիմով, սակայն ուսումն ավարտել են չճանաչված ռեժիմում, ինչպես նաև այն քաղաքացիներին, ում կրթական հաստատությունները համալսարան են ընդունել նախքան լիցենզիա ստանալը։

«Մենք ունեինք այսպիսի իրավիճակ. մեր քաղաքացիները 4-ամյա ծրագրով անցնում էին ճիշտ նույն քանակությամբ առարկաներ և ստանում նույն որակավորումը, ինչ 5-ամյա հեռակա ուսուցման դեպքում։ Մինչ այժմ գործող օրենսդրության համաձայն՝ 5-ամյան հավասարեցվում էր մագիստրոսի աստիճանին, իսկ 4-ամյային շնորհվում էր բակալավրի աստիճան։ Փոփոխությունների հիման վրա նա, ով ավարտել է 4-ամյա ծրագիրը, կստանա մագիստրոսի աստիճանին հավասարեցված դիպլոմ, ինչը զգալիորեն կնպաստի քաղաքացիների զբաղվածությանը իրենց նախընտրած ուղղություններով։

Մինչև 2010 թվականը, նախքան միասնական համակարգի ձևավորումը, կրթության ոլորտում չկար ռեեստր, որն ապահովում էր ուսանողների իրազեկումը։ Եղել են դեպքեր, երբ կոնկրետ համալսարաններ, որոնք չունեին հավատարմագրում, չէին հայտնում այդ մասին դիմորդներին և այդպես էին նրանց ընդունում։ Հետագայում, երբ դիպլոմ էին տալիս, շրջանավարտներն արդեն խնդիրներ էին ունենում այդ փաստաթղթի ճանաչման հարցում։

Բացի այդ, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ որոշ ժամանակով ունեցել են հեղինակավորում (ավտորիզացիա), իսկ հետո՝ ուսման ընթացքում, այն դադարեցվել է։ Ուսանողները նույնպես տեղեկացված չեն եղել այս մասին, և հետագայում այդ համալսարանն ավարտած մարդիկ խնդիրներ են ունեցել։

Ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերջնականապես կետ կդնեն այն երկարատև ու խնդրահարույց գործընթացներին, որոնց միջով անցնում են մեր քաղաքացիները դիպլոմի ճանաչման համար՝ դիմում են դատարան, բողոքարկում գործընթացները, ինչը կապված է ժամանակի և ջանքերի հետ։ Այս ամենը մեկընդմիշտ կմնա պատմության մեջ, և մեր հազարավոր քաղաքացիների դիպլոմները կճանաչվեն», – հայտարարել է Գիվի Միքանաձեն: