Կանադայի «Մագնիտսկու ակտը» տարածվելու է նաև Վրաստանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնող անձանց վրա
Կանադայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն Վրաստանի հետ կապված ընդունել է բանաձև, որում խոսվում է նաև Կանադայի «Մագնիտսկու ակտի» Վրաստանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնող անձանց վրա տարածվելու մասին: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչությունը մեկնաբանում է, որ խորհրդարանի պաշտպանության կոմիտեն բանաձև է հաստատել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առջև առկա անվտանգության մարտահրավերների առնչությամբ: Կոմիտեի բանաձևում, որը վերաբերում է Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում Ռուսաստանի ագրեսիային, նշված է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ վարած պատերազմը, 2008 թվականին Աբխազիայի և Ցխինվալի շրջանի անօրեն օկուպացիան, 2014 թվականի Ղրիմի անօրեն բռնագրավումը, մասնակցությունը Արևելյան Ուկրաինայում 2014 թվականից ընթացող կոնֆլիկտում և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների մոտ դրա ռազմական գործողություններն առաջացնում են վրդովմունք, ոչ միայն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, այլ ողջ աշխարհում:
«Կոմիտեի զեկույցը Վրաստանի նկատմամբ Կանադայի խորհրդարանի միանշանակ աջակցության արտահայտումն է»,- ասվում է Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում: