Կանադայի Ալբերտա նահանգում հանրաքվե է անցկացվում՝ պարզելու, թե արդյոք նավթով հարուստ այս նահանգը պետք է առանձնանա Կանադայից

19:54, 19.10.2026

Կանադայի Ալբերտա նահանգում հանրաքվե է անցկացվում՝ պարզելու, թե արդյոք նավթով հարուստ այս նահանգը պետք է առանձնանա Կանադայից։ Թեև ակնկալվում է, որ անջատողականները կպարտվեն, վերլուծաբանները կարծում են, որ բանավեճն այստեղ չի ավարտվի։

 

«Angus Reid»-ի հարցման համաձայն՝ Ալբերտայի բնակիչների 66%-ը ցանկանում է մնալ Կանադայի կազմում, սակայն հինգ բնակչից երեքը կարծում է, որ անջատողական շարժումը երբեք չի վերանա։ Անկախության կողմնակիցները մեղադրում են դաշնային կառավարությանը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված քաղաքականության միջոցով նավթարդյունաբերությունը սահմանափակելու մեջ։ Ավելին, նրանք պնդում են, որ Ալբերտան ավելի մեծ ներդրում ունի ազգային տնտեսության մեջ, քան ստանում է դրա դիմաց։

 

Ալբերտայում անցկացվող հանրաքվեն լրացուցիչ մարտահրավեր է վարչապետ Մարկ Քարնիի համար՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի և Դոնալդ Թրամփի կոչերի ֆոնին (վերջինս ցանկություն է հայտնել տեսնել Կանադան որպես ԱՄՆ-ի 51-րդ նահանգ)։ Անցած շաբաթ Քարնին նույնիսկ քարոզարշավ է իրականացրել՝ աջակցելով Կանադայի կազմում մնալու կողմնակիցներին։

 

Ալբերտայի վարչապետ Դանիել Սմիթը, ով ինքն էլ կողմ է Կանադայի կազմում մնալուն, համաձայնել է հանրաքվե նշանակել իր կուսակցության արմատական թևի ճնշման ներքո։ Անկախության կողմնակիցների 60%-ը նշում է, որ այս քայլով ցանկանում է «ուղերձ հղել» դաշնային կառավարությանը, մինչդեռ իրականում անկախություն է ցանկանում նրանց միայն 37%-ը։

 

Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 20:00-ին։

Նմանատիպ