Կանադան կորցրել է կարմրուկի վերացման կարգավիճակը, հայտնել է երկրի հանրային առողջապահության գործակալությունը։
Անցած տարվա ընթացքում երկրում գրանցվել է կարմրուկի ավելի քան 5000 դեպք՝ ինը նահանգներում և մեկ հյուսիսային տարածքում։
«Չնայած վերջին տարիներին դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, բռնկումները շարունակվում են ավելի քան 12 ամիս, հիմնականում պատվաստման ցածր մակարդակ ունեցող համայնքներում։ Պանամերիկյան առողջապահության կազմակերպությունը Կանադայի առողջապահության գործակալությանը տեղեկացրել է, որ Կանադան կորցրել է կարմրուկի վերացման կարգավիճակը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Առողջապահության փորձագետները նշում են, որ երկրի որոշ մասերում պատվաստման մակարդակի անկումը կարող է հանգեցնել պատվաստանյութերով կանխարգելելի հիվանդությունների տարածմանը այն բնակչության շրջանում, որը Covid-19 համավարակից ի վեր ավելի ու ավելի կասկածամիտ և անվստահ է դարձել պատվաստանյութերի նկատմամբ։ Կանադան կարմրուկի վերացման կարգավիճակ է ստացել մոտ 30 տարի առաջ։