Կանադան ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների առաջին փաթեթը
Կանադան ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների առաջին փաթեթը

Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների առաջին փաթեթի մասին։ Կանադայի կառավարության որոշմամբ՝ երկրի քաղաքացիներին արգելվել է ցանկացած գործարար հարաբերություններ՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ։ Կանադացիներին նույնպես արգելված է մասնակցել Ռուսաստանի սուվերեն պարտքի հետ գործարքներին:

Բացի այդ, Կանադան հավելյալ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ կապված երկու պետական ​​բանկերի նկատմամբ, որոնց անունները դեռ չեն հրապարակվում, և կարգելի նրանց հետ գործարքները։

Պատժամիջոցները վերաբերում են նաև ռուս օրենսդիրներին, ովքեր աջակցել են անջատողական շրջանները ճանաչելու որոշմանը:

«Պատժամիջոցները կարևոր քայլ են և ուղղված են նրանց դեմ, ովքեր խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Եվ դրանք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու նպատակով Կանադան Լատվիա է ուղարկում լրացուցիչ 460 զինվորական, ինչպես նաև ռազմածովային պարեկության համար նախատեսված ֆրեգատներ ու ինքնաթիռներ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կանադան ինքնաթիռով ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային։