Ջուանշեր Բուրճուլաձեն Կարսում եռակողմ համագործակցության ձևաչափով հանդիպել է թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն Կարսում եռակողմ համագործակցության ձևաչափով հանդիպել է թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը Թուրքիա կատարած այցի շրջանակներում Կարսում հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափով։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Ջուանշեր Բուրճուլաձեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։

«Ուշադրությունը կենտրոնացած էր համատեղ զորավարժությունների և վարժանքների կարևորության վրա, որոնք մերձեցնում են երեք երկրների զինվորականներին և ամրապնդում փոխհամատեղելիությունը։ Նշվել է պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը»,- նշված է ՊՆ տարածած տեղեկատվության մեջ։

Նրանց տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը հրավիրվել է մասնակցելու Թուրքիայում անցկացվող «Ձմեռ 2023» բազմազգ վարժանքների պատվավոր հյուրերի օրվան։

Թուրքիան Կարսի նահանգում ձմեռային լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։ Միջազգային դասընթացներին մասնակցում է 17 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և այլն։