Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական թեման եղել է 30 միլիոնանոց օգնության փաթեթը, որը Եվրոպական խորհուրդը հավանություն է տվել Վրաստանին Խաղաղության եվրոպական մեխանիզմի (EPF) շրջանակներում։
«Նշված օգնության նպատակն է հզորացնել երկրի պաշտպանունակությունը և զարգացնել այն կարողությունները, որոնք կնպաստեն Վրաստանի ակտիվ համագործակցությանը Եվրամիության հետ Միասնական պաշտպանության և անվտանգության քաղաքականության (CSDP) շրջանակներում։
Խաղաղության եվրոպական մեխանիզմի (EPF) շրջանակներում Վրաստանին հատկացվող օգնությունը նախատեսված է ռազմատեխնիկական, շարժունակության, կառավարման և վերահսկման, կիբերպաշտպանության և ռազմաբժշկական կարողությունների ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվել են Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցության հարցեր։
Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպմանը նշվել է, որ Եվրամիության համար Վրաստանը տարածաշրջանում ամենակարևոր և վստահելի գործընկերն է, և որ երկու կողմերն էլ մեծ շահագրգռվածություն ունեն խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
Վրաստանն իր կողմից պատրաստ է շարունակել իր ակտիվ ներգրավվածությունը գլոբալ անվտանգության խթանման գործընթացում»,- ասվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։