Ջրհեղեղի պատճառով Բանգկոկը հայտարարվել է տարերային աղետի գոտի
Առատ տեղումներով պայմանավորված ջրհեղեղի պատճառով Թաիլանդի իշխանությունները Բանգկոկը հայտարարել են տարերային աղետի գոտի։
Ջրհեղեղի հետևանքով ջրասույզ են եղել ճանապարհներն ու բնակելի տները։ Որոշ վայրերում ավտոմեքենաները սուզվել են ջրի մեջ, մարդիկ ստիպված են եղել տեղաշարժվել մինչև մեջքը հասնող ջրի միջով։
Արտակարգ դրություն է հայտարարվել քաղաքի բոլոր 50 շրջաններում։
Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիտիպունտի հայտարարության համաձայն՝ ստեղծված իրավիճակը «սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի համար»։ Նրա խոսքով՝ ամենաշատը տուժել է քաղաքի արևելյան հատվածը։
Աղետից տուժածների համար կազմակերպվում են ժամանակավոր ապաստարաններ և դաշտային խոհանոցներ։ Տուժածները որպես ժամանակավոր կացարան կարող են օգտագործել նաև դպրոցները։
Բնակչությանը հորդորում են առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ և զերծ մնալ տեղաշարժվելուց։
Միևնույն ժամանակ, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, սուպերմարկետներում մարդաշատ է. մարդիկ առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ են հավաքում։
Օդերևութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին սպասվում է ամպրոպ, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում անձրևները կշարունակվեն։