Ջոզեֆ Բորել. Եթե Վրաստանի կառավարությունը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է փոխի ընդունված օրենքը, վերացնի այն խնդիրները, որոնք ակնհայտ էին ընտրությունների ժամանակ
Ջոզեֆ Բորել. Եթե Վրաստանի կառավարությունը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է փոխի ընդունված օրենքը, վերացնի այն խնդիրները, որոնք ակնհայտ էին ընտրությունների ժամանակ

Վրաստանին անհրաժեշտ են ուժեղ փոփոխություններ՝ ԵՄ անդամակցության թեկնածու համարվելու համար,- ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակության հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

«Մենք Վրաստանի կառավարությանն ասում էինք, որ նրանք շրջվում են եվրոպական ճանապարհից։ Եթե ​​ուզում են լինել Եվրամիության անդամ, պետք է փոխեն ընդունված օրենքները, վերանան այն խնդիրները, որոնք տեսանելի էին ընտրությունների ժամանակ, նորից վերադառնան հունի մեջ։ Նրանց անհրաժեշտ են ուժեղ փոփոխություններ, որպեսզի դեռ համարվեն ԵՄ անդամակցության թեկնածու»,- ասել է Բորելը։

Բորելի խոսքով, Ուկրաինայի դեպքը բոլորովին այլ է:

«Ես ընդհանրապես նմանություն չեմ տեսնում Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Ուկրաինայի նախագահն ու կառավարությունը լիովին շահագրգռված են ԵՄ անդամակցությամբ, ինչպես նաև ուկրաինական հասարակությունը։ Կասկած չկա, որ ձեր երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը անվտանգության ամենաուժեղ պարտավորությունն է կամ անվտանգության երաշխիքը, որը մենք կարող ենք առաջարկել Ուկրաինային։ Վրաստանի դեպքն իսկապես այլ է»,- հարցազրույցում ասել է Բորելը։

Եվրամիությունը Վրաստանի կառավարությունից պահանջում է չեղարկել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքները։