Ջոզեֆ Բորել. 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 2,1 տոկոսով, ոմանք ասում են, որ պատժամիջոցները չեն գործում, ճիշտ չէ
Ջոզեֆ Բորել. 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 2,1 տոկոսով, ոմանք ասում են, որ պատժամիջոցները չեն գործում, ճիշտ չէ

Ռուսաստանից ԵՄ երկրներ ներմուծումը նախորդ տարի նվազել է 58 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը գերազանցել է 75 տոկոսը,- այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը։

Բորելի խոսքով՝ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները գործում են։

«Ոմանք ասում են, որ պատժամիջոցները չեն գործում։ Սա պարզապես ճիշտ չէ։ Մեկ տարվա ընթացքում նրանք արդեն կարողացել են սահմանափակել Մոսկվայի հնարավորությունները, երկիրը դուրս մղել առանցքային շուկաներից, զգալիորեն նսեմացնել Ռուսաստանի արդյունաբերական ու տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասում է Բորելը։

Ըստ Բորելի՝ այս կուրսը պետք է պահպանվի՝ պատերազմը դադարեցնելու համար։

Ջոզեֆ Բորելի բլոգում նշվում է, որ 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 2,1%-ով։ Արտադրությունը, որը անշեղորեն աճում էր մինչև ներխուժումը, 2022 թվականի վերջին նվազել էր 6%-ով։ Ավտոմեքենաների արտադրությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 48%-ով, համակարգչային, էլեկտրոնային և օպտիկական արտադրությունը՝ 8%-ով, մանրածախ առևտուրը՝ 10%-ով, իսկ մեծածախը՝ 17%-ով։

Ըստ Բորելի՝ ԵՄ-ից Ռուսաստան ապրանքների ընդհանուր արտահանումը 52%-ով ցածր է եղել նախապատերազմյան շրջանի տարեկան ցուցանիշից։ Բացի այդ, ԵՄ-ից Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների արտահանումը, որոնք անհրաժեշտ են տեխնիկայի և զենքի արտադրության համար, որոնք Ռուսաստանը օգտագործում է պատերազմ վարելու համար, 2022 թվականին 2019-2021 թվականների համեմատ նվազել է 78%-ով։