Ջորջիա Մելոնի — Իսպանիայի Սեուտա անկլավից տարածված կադրերը ցնցող են, Իտալիան պատրաստ է արտակարգ միջոցներ ձեռնարկել Եվրոպայի սահմանները պաշտպանելու համար, այդ թվում՝ Իսպանիայի հետ Շենգենյան գոտու գործողության դադարեցում
FILE PHOTO: Italian Prime Minister Giorgia Meloni speaks during a news conference to present her government's first budget in Rome, Italy, November 22, 2022. REUTERS/Remo Casilli/File Photo
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտայում զարգացող վերջին իրադարձությունների հետ կապված հայտարարել է, որ անվերահսկելի ապօրինի միգրացիան իրական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի սահմանների անվտանգության համար։
«Սեուտայից տարածված կադրերը ցնցող են և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անվերահսկելի ապօրինի միգրացիան Եվրոպայի սահմանների անվտանգության համար կոնկրետ սպառնալիք է ստեղծում», — հայտարարել է Մելոնին։
Նրա խոսքով՝ նշված հարցի շուրջ զրուցել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզիի հետ։ Ինչպես նշել է Մելոնին, Իտալիան պատրաստ է արտակարգ միջոցների, այդ թվում՝ Իսպանիայից ժամանող անձանց համար սահմանային վերահսկողության վերականգնմանը։
«Իտալիան մի կողմ չի քաշվի և պարզապես չի հետևի իրադարձություններին։ Մենք կհրավիրենք համապատասխան գերատեսչություններին, և այդ հանդիպումներից հետո պատրաստ ենք սահմանների ու քաղաքացիների անվտանգության պաշտպանության համար ձեռնարկել արտակարգ միջոցներ, այդ թվում՝ Իսպանիայի հետ Շենգենյան գոտու գործողության դադարեցում։ Ապօրինի միգրացիայի հարցում մենք ոչ մի սանտիմետր չենք զիջի․ սահմանների պաշտպանությունը, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների կանգնեցումը և արդյունավետ հայրենադարձության (ռեպատրիացիայի) ապահովումը կլինեն այս կառավարության գիծը», — նշել է Իտալիայի վարչապետը։
Ի գիտություն՝ Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա մի քանի ժամում հազարավոր միգրանտներ են մուտք գործել։ Տեղական իշխանությունները Մադրիդին կոչ են անում արտակարգ դրություն հայտարարել և լրացուցիչ ուժեր ուղարկել։