Ջոն Քիրբի. Մենք ոչ մեկին չենք խրախուսել հարձակվել Ուկրաինայի սահմաններից դուրս, պարզ է, որ Պեսկովը ստում է
Ջոն Քիրբի. Մենք ոչ մեկին չենք խրախուսել հարձակվել Ուկրաինայի սահմաններից դուրս, պարզ է, որ Պեսկովը ստում է

ԱՄՆ նախագահի վարչակազմը հերքում է Կրեմլի վրա հարձակման հետ կապված Ռուսաստանի մեղադրանքները։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ծիծաղելի է անվանել Կրեմլի խոսնակի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն է կանգնած Ուկրաինայի կողմից իրականացված հարձակման հետևում։

«Մենք ուկրաինացիներին չենք թելադրում, թե ինչպես պաշտպանվեն, ոչ էլ հրամաններ ենք տալիս նրանց կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ։ Մենք ոչ մեկին չենք խրախուսել հարձակում իրականացնել Ուկրաինայի սահմաններից դուրս: Մենք դեռ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել։ Այն այժմ գնահատվում է։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ի որևէ մասնակցություն այս հարցում չի եղել: Ակնհայտ է, որ Պեսկովը ստում է»,- ասել է Ջոն Քիրբին։

Մայիսի 3-ին Ռուսաստանի նախագահի վարչակազմը հայտարարեց, որ Կիևը գիշերը փորձել է անօդաչու թռչող սարքերով գրոհել Կրեմլը։

Այսօր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի վրա ուկրաինական հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ը։