Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը

21:22, 24.04.2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականին գործած հայերի մասսայական ջարդերի հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը տարածեց Սպիտակ տունը:

Ինչպես նշված է Բայդենի հայտարարութան մեջ, ամերիկացի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը: 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Վերապրածներից շատերը ստիպված եղան նոր տներ և նոր կյանք գտնել աշխարհով մեկ՝ այդ թվում Միացյալ Նահանգներում: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի:

Այսօր, երբ մենք ողբում ենք մեր կորուստները, եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մի աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր ժողովուրդները կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ կյանքով։

Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով»,- հայտարարել է Բայդենը:

Մինչ այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի նախագահը 1915 թվականի իրադարձությունները ճանաչի ցեղասպանություն, դա կլիներ քաղաքական հայտարարություն՝ առանց իրավական ուժի:

Նա նաև հայտարարել էր, որ Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված Հայաստանի կոչերը ստվերի տակ են դնում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը:

Նմանատիպ