Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնելու համար անհրաժեշտ են տարածքային զիջումներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնելու համար անհրաժեշտ են տարածքային զիջումներ։ Ինչպես հայտնում է «Բլումբերգ»-ը, Վենսը այս մասին ասել է Հնդկաստան կատարած այցի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը հանդես է եկել շատ հստակ առաջարկներով՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով, և այժմ ժամանակն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կամ ասեն «այո», կամ էլ ԱՄՆ-ը դուրս գա գործընթացից։
«Վերջիվերջո, հակամարտության մեջ կձևավորվեն նոր սահմաններ՝ գոյություն ունեցող ճակատային գծերի կամ դրանց մերձակայքում», – հայտարարել է Վենսը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը պետք է զիջեն իրենց վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ։
«Անհրաժեշտ կլինի տարածքների փոխանակում», – նշել է Ջեյ Դի Վենսը։
Նա նաև ասել է, որ «սպանությունները դադարեցնելու համար երկու կողմերն էլ պետք է դնեն զենքերը, սառեցնեն իրավիճակը և շարունակեն կառուցել ավելի լավ Ռուսաստան և Ուկրաինա»։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե մոտ ապագայում համաձայնություն չստացվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, ապա ԱՄՆ պատրաստ է դուրս գալ բանակցային գործընթացից։