Ջեյ Դի Վենս. Ռուս-ուկրաինական պատերազմն այլևս իմաստ չունի, այս փուլում մենք խոսում ենք մի քանի քառակուսի կիլոմետրի համար սակարկությունների մասին, կողմերը պետք է որոշեն՝ կշարունակե՞ն բանակցությունները, թե՞ ոչ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեկնաբանությունները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին այն բանից հետո, երբ Օրբանը արգելափակեց Կիևին տրամադրվող ԵՄ վարկը, «սկանդալային» էին:
Վենսի խոսքով՝ Կիևի կողմից նման հայտարարություններն անընդունելի են, նման վարքագիծը դուրս է գալիս դաշնակիցների միջև թույլատրելիի սահմաններից և ոչ մի պարագայում չի կարող արդարացվել։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ եվրոպական առաջնորդների մեծ մասը շահագրգռված չէ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով։
«Մենք հիասթափված ենք Եվրոպայի քաղաքական ղեկավարության մեծ մասից, քանի որ նրանք, ըստ ամենայնի, առանձնապես շահագրգռված չեն այս կոնկրետ հակամարտության լուծմամբ։ Եվ այն, ինչ ասաց նախագահը, այն է, որ սա լուծման համար ամենաբարդ պատերազմն է։ Որոշ առումով մենք կարծում էինք, թե սա կլինի ամենահեշտը, բայց այն ամենաբարդը ստացվեց։ Մենք դա անում ենք արդեն 14 ամիս և պարզապես կշարունակենք աշխատել», – հայտարարել է նա։
Վենսը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն «այլևս իմաստ չունի», և ի վերջո թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան պետք է որոշեն՝ կշարունակեն արդյոք բանակցությունները հակամարտությունը դադարեցնելու համար։
«Քանի որ պատերազմը, փաստացի, այլևս իմաստ չունի։ Այն, ինչ ես կասեի ինչպես ռուսներին, այնպես էլ ուկրաինացիներին, հետևյալն է. այս փուլում մենք խոսում ենք մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի համար առևտուր անելու մասին այս կամ այն ուղղությամբ։ Արժե՞ դա հարյուր հազարավոր լրացուցիչ ռուս և ուկրաինացի երիտասարդ տղամարդկանց կորստի։ Արժե՞ դա էներգակիրների գների լրացուցիչ ամիսների կամ նույնիսկ տարիների աճի և տնտեսական կործանման։ Եվ մենք կարծում ենք, որ պատասխանը միանշանակ բացասական է։ Բայց «տանգոյի համար երկու հոգի է պետք»։ Այնպես որ, չնայած Վիկտորը և նախագահ Թրամփը կշարունակեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ, հիմնարար առումով մենք կարող ենք միայն դուռը բացել։ Ռուսները և ուկրաինացիները պետք է անցնեն դրա միջով», – հայտարարել է նա։